Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի նախագահի նախընտրական գործընթացների վերաբերյալ արված դիտողությունները Հայաստանի ներքին գործերին միջամտություն չի համարում։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հետևյալը. «...Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Գիտեմ, որ ոմանք բանտում են, չնայած ռուսական անձնագրեր ունեն։ Դա ձեր որոշումն է. մենք չենք միջամտում, բայց մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային, ամեն դեպքում, մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»։
«Անհրաժեշտ է հիշել պատճառահետևանքային կապը։ Ռուսաստանի նախագահը չէր բարձրացնի այդ հարցը, եթե չլիներ Արարատ Միրզոյանի Բրյուսել կատարած այցը և հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները, ինչպես նաև ԵՄ առաքելության այցը։ Թեման հրահրում են այս իշխանությունները։ Ռուսաստանը Մոլդովայի օրինակն ունի իր աչքի առաջ։ Հայաստանը գնում է այդ ճանապարհով և դա չի էլ թաքցնում»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի չորրորդ թողարկման ժամանակ հայտարարել է Քոչարյանը։
Նախկին նախագահը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են չեզոքացնել Ռուսաստանի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող ուժերին, մինչդեռ Ռուսաստանի նախագահը խոսել է հայ ժողովրդին ընտրություն կատարելու հնարավորություն տալու անհրաժեշտության մասին։
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ից օգնություն խնդրելու նախաձեռնությունը եկել է Հայաստանից, և որ Եվրոպայի ներգրավվածությունը ինքանբերաբար նշանակում է Ռուսաստանի ներգրավվածություն։ Ըստ նրա՝ եթե ԵՄ-ն նահանջի, Ռուսաստանն ինքն էլ կհեռանա։
«Թող հայ ժողովուրդը որոշի։ Եթե որոշեն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր չեն, թող այլ ճանապարհ ընտրի»,- ընդգծել է Քոչարյանը՝ հավելելով, սակայն, որ Փաշինյանը չի դադարի հրահրել. դա նրա կենսակերպն է, նրա կենսաքիմիան, և նա հայ ժողովրդին հանգիստ չի թողնելու։
NEWS.am
