Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ՝ ՆԱՏՕ-ի հասցեին քննադատությունների ֆոնին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 8-ին կսկսի իր այցը ԱՄՆ, որը կտևի մինչև ապրիլի 12-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը։«Գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ», – ասվում է կազմակերպության մամուլի տեղեկագրում։
Ապրիլի 9-ին Ռյուտեն ելույթ կունենա և կմասնակցի Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկմանը։Ապրիլի 10-ից մինչև 12-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բիլդերբերգյան ակումբի խորհրդաժողովին։Ռյուտեի հանդիպումներն ԱՄՆ ղեկավարության հետ կկայանան Վաշինգտոնի կողմից դաշինքի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։
Թրամփը բազմիցս և կոշտ ձևով քննադատել է ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների դիրքորոշումը՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններում ԱՄՆ-ին չօգնելու համար։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է կրճատել ՆԱՏՕ-ի ծախսերը։ Նա դաշնակիցներին քննադատել է այն բանի համար, որ նրանք չեն ցանկացել մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու գործողություններին։ Թրամփը նաև ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»՝ չբացառելով, որ կարող է վերանայել ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին։
Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին ԱՄՆ նախագահն անվանել է «հիանալի մարդ»։
