Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Այս մասին հայտնում է ռումինական Antena 3 CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Բուխարեստի համալսարանական հիվանդանոցի տարածած պաշտոնական հայտարարությանը։
Լուչեսկուն հոսպիտալացվել էր Ռումինիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո։ Մարզչի մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ։ Կիրակի՝ ապրիլի 5-ին, նրա առողջական վիճակն ավելի էր ծանրացել, ինչի հետևանքով մասնագետին արհեստական կոմայի մեջ էին գցել:
Իր տպավորիչ մարզչական կարիերայի ընթացքում Լուչեսկուն հասցրել է գլխավորել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և վերջապես՝ Ռումինիայի ազգային հավաքականը, որն էլ դարձավ նրա աշխատանքային վերջին կանգառը:
Միրչա Լուչեսկուն համարվում է Չեմպիոնների լիգայի և ազգային հավաքականների պատմության ամենատարեց մարզիչը։ Իր գլխավորած թիմերի հետ նա նվաճել է տպավորիչ 35 տիտղոս. ֆուտբոլի պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն Խոսեպ Գվարդիոլան (40) և սըր Ալեքս Ֆերգյուսոնը (49):
Armsport
