«Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացները վերադառնում են Երկիր Լուսնի հակառակ կողմի շուրջ թռիչքից հետո
ՆԱՍԱ-ի «Արտեմիս-2» առաքելության չորս տիեզերագնացները վերադառնում են տուն Լուսնի հակառակ կողմի շուրջ յոթժամյա թռիչքից հետո, որի ընթացքում նրանք Երկրից հեռացել են ռեկորդային հեռավորության վրա, հայտնում է BBC-ն։
Ինչպես և սպասվում էր, երեքշաբթի գիշերը անձնակազմը 40 րոպեով կորցրել է կապը Երկրի հետ, երբ գտնվում էր Լուսնի հակառակ կողմում։
Դրանից կարճ ժամանակ անց տիեզերանավն իջել է մինչև Լուսնի մակերևույթից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, և անձնակազմն ականատես է եղել արևի լիակատար խավարման, երբ Լուսնի ստվերը ծածկել է արևի լույսը. սա առաջին դեպքն էր, երբ նման տեսարան դիտվել է Լուսնի կողմից։
Նախօրեին «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացները գերազանցել են Երկրից հեռանալու ռեկորդը, որը 1970 թվականից պատկանում էր «Ապոլոն-13» առաքելությանը և կազմում էր 400,171 կմ։
ՆԱՍԱ-ի հաղորդմամբ՝ «Արտեմիս-2» առաքելությունը հասել է Երկրից առավելագույն՝ 406,771 կիլոմետր հեռավորության։
Լուսնին մոտենալուն պես տիեզերագնացներն անցել են առաջադրված խնդիրների կատարմանը. նրանք լուսանկարներ են արել մի շարք թվային տեսախցիկներով և, ՆԱՍԱ-ի հրահանգների համաձայն, արել են էսքիզներ ու ձայնագրել իրենց սեփական աուդիո նկարագրություններն այն ամենի մասին, ինչ տեսել են։
Տիեզերանավը պտտվել է Լուսնի հակառակ կողմով՝ այն հատվածով, որը երբեք չի երևում Երկրից։ Արբանյակները նախկինում լուսանկարել էին հակառակ կողմը, սակայն տիեզերագնացները դարձան առաջին մարդիկ, որոնք սեփական աչքերով և համեմատաբար մոտ հեռավորությունից տեսան դրա հսկայական խառնարաններն ու հարթավայրերը։
Առավելագույն մերձեցման պահին նավը գտնվել է Լուսնի մակերևույթից 6550 կմ բարձրության վրա։
