ԻՀՊԿ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական արդյունաբերության ձեռնարկությունների վրա գրոհի մասին` նշելով, թե դրանք կապեր ունեն Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր Շիրազում և Իրանի հարավում գտնվող Ասալույեի շրջանում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին։
ԻՀՊԿ-ն տեղեկացրել էր, որ հանդես է գալու պատասխան քայլերով։
«Առաջին փուլի ընթացքում գրոհի է ենթարկվել խոշորագույն նավթաքիմիական համալիրը, որը պատկանում է ամերիկյան Sadara, ExxonMobil, Dow Chemical ընկերություններին և գտնվում է Սաուդյան Արաբիայի Ալ Ջուբեյլի շրջանում, ինչպես նաև ամերիկյան Chevron Philips ընկերությանը պատկանող խոշոր նավթաքիմիական համալիրը՝ Ալ Ջույամայի շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։
Պահապանների կորպուսը հաղորդել է, որ այդ օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել են միջին հեռահարության հրթիռներ և մի քանի կամիկաձե դրոններ։
