1 զոհ, 2 վիրավոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի հետևանքով 4 վիրավոր կա, ինչը հիմք էին ընդունել իրավապահները, սակայն հետո պարզվեց, որ տեղեկությունն իրականության հետ կապ չունի։
