«Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ձորափի փողոց 19/4 հասցեում գտնվող «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ։
Օպերատիվորեն նշված վայր է մեկնել Երևանի քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 45-ամյա Վաչագան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի կեսերից մինչև մարտի 7-ը, ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մուտք է գործել նշված ռեստորան և այնտեղից գողացել ջեռուցման համակարգի մասեր, էլեկտրական վերելակի մասեր և էլեկտրական այլ մասեր՝ պատճառելով մոտ 6 մլն դրամի գույքային վնաս։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
