Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ

«ՄԻ՛ ՎԱԽՆԱՔ, ՄԻԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԷ՛Ք…»

Այսպէ՛ս ըսաւ Քրիստոս մահուան դիմաց գտնուող հիւանդին, փոթորիկի մէջ մնացած աշակերտներուն, կեանքի տագնապներով ընկճուած ու անորոշութիւններով տիրապետուած իր հետեւորդներուն (Ղկ 12.32): Նոյն կոչը ուղղեց Յիսուս վտանգալից կացութիւններուն դիմաց, ինչպէս նաեւ իր յարութեան նախօրեակին՝ մի՛ խռովիք, մի՛ վախնաք, միայն հաւատացէ՛ք (Յհ 14.27):

Քրիստոնէութիւնը, վախէն փախչող, վախին դիմաց ընկճուող, վախին տեղի տուող կրօն չէ, այլ՝ վախին դիմաց ամուր կեցող, վախը քաջութեամբ դիմակալող, վախը հաւատքով յաղթահարող կրօն է: Հաւատքը ներքին հզօրութեան ու ինքնավստահութեան աղբիւր է: Հաւատքը հզօր վահան է վախի ու յուսահատութեան դիմաց: Ան զօրեղ զէնք է չարին, մեղքին ու նոյնիսկ մահուան յաղթող: Սա էութիւնը կը կազմէ Քրիստոսի ուսուցումներուն. «Հաւատքդ քեզ փրկեց» (Ղկ 7.50) ըսաւ Յիսուս մեղքերու տիղմին մէջ խրած կնոջ:

Իր յաղթական յարութեամբ Քրիստոս վերահաստատեց իր առաքելութեան հիմքը կազմած պատգամը՝ «մի՛ վախնաք, այլ հաւատացէք, ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհի վերջը» (Մտ 28.20): Արդ, Քրիստոսի յարութիւնը աղբիւր է հաւատքի հզօրութեան ու միաժամանակ, չարն ու չարիքը, տառապանքն ու տագնապը յարութեան հաւատքով յաղթահարելու կոչ է:

«Մահուամբ մահը յաղթած» եւ միշտ մեզի հետ ըլլալու ու դարձեալ վերադառնալու խոստումը տուած Աստուծոյ Որդին եկեղեցւոյ՝ իր խորհրդական մարմնոյն ճամբով դարձեալ կոչ կ’ուղղէ՝ հաւատարմութեամբ ու նոյնիսկ արեան նահատակութեամբ իրեն հետեւած մեր ժողովուրդի զաւակներուն.- Մի՛ խռովիք, մի՛ յուսահատիք, մի՛ վախնաք, միայն հաւատացէ՛ք:

Արդ, եկէ՛ք դառնանք իր հրաշափառ յարութեամբ՝ տագնապը վերանորոգ յոյսով, վախը ամուր կամքով, մահը յարութեան շունչով նուաճելու մեզի հաւատք պարգեւած Քրիստոսին եւ յարութեան հաւատքով մեր կեանքը շաղախենք ու հաւատքի զօրութեամբ դիմագրաւենք մեր շուրջը յառաջացող տագնապները:

Այս օրերուն տագնապի մէջ են Միջին Արեւելեան երկիրներու մէջ հաստատուած մեր համայնքները: Պատերազմը աւեր կը գործէ տարածաշրջանէն ներս՝ մարդկային, նիւթական թէ տնտեսական: Հայ համայնքները բնականօրէն ենթակայ են պատերազմի ահաւոր հետեւանքներուն: Մեր համայնքներուն անվտանգութիւնը մեզի համար բացարձակ առաջնահերթութիւն է: Արդարեւ, քաղաքական, կրօնական, մշակութային, տնտեսական ու ընկերային տարբեր միջավայրերու մէջ ապրելով, անհրաժեշտ կը նկատենք, որ մեր հայրենակիցները, տեղական պայմաններուն պատշաճելու կողքին, կառչած մնան հետեւեալ սկզբունքներուն.-

– Հաւատարիմ ըլլան իրենց պետութեան որդեգրած ուղղութեան ու որոշումներուն: Մեր ժողովուրդի զաւակները իրենց ապրած երկիրներուն մէջ միշտ եղած են տիպար քաղաքացիներ: Ներկայ տագնապալից պայմաններուն մէջ մեր համայնքները պէտք է գործնապէս ապացուցեն իրենց հաւատարմութիւնը:

– Մասնակից դառնան տագնապները յաղթահարելու, դժուարութիւնները մեղմացնելու, ընկերա-տնտեսական կեանքը վերականգնելու կոչուած պետական թէ համայնքային կառոյցներու աշխատանքներուն:

Ու որպէս կազմակերպ համայնքներու պատկանող անդամներ, անհրաժեշտ է որ մեր ազգայինները՝

– Համախմբուին մեր եկեղեցիներու, համայնքային կազմակերպութիւններու ու կեդրոններու շուրջ:

– Արթուն ըլլան եւ մօտէն հետեւին տեղի ունեցող զարգացումներուն, որպէսզի կարենան մեր համայնքը հեռու պահել վտանգալից կացութիւններէ:

– Միակամ ըլլան բոլոր դժուարութիւնները միասնաբար դիմակալելու ու համայնքային նախաձեռնութիւններուն մասնակից դառնալու:

Մօտէն կը հետեւինք շրջանէն ներս տեղի ունեցող վերիվայրումներուն: Մնայուն կապի մէջ ենք մեր կրօնական ու համայնքային պատասխանատուներուն հետ: Խորապէս մտահոգ ենք տագնապի ստեղծած աննախատեսելի հետեւանքներուն նկատմամբ: Կ’աղօթենք, որ Աստուծոյ օրհնութեամբ եւ քաղաքական ղեկավարներու խոհեմ ու հեռատես մօտեցումով խաղաղութիւնը շուտով հաստատուի Միջին Արեւելքէն ներս:

Կ’ուզեմ յիշեցնել մեր ժողովուրդի զաւակներուն, թէ առանձին չեն ներկայ տագնապալից օրերուն: Առաքեալը կ’ըսէ՝ «Եթէ մարմնին մէկ անդամը ցաւի, բոլոր անդամներն ալ միասին կը ցաւին…» (Ա.Կր 12.26): Այսպէս եղած է մեր ժողովուրդը ճակատագրական ժամանակներուն, գործնապէս փաստելով, թէ որքան ալ իրարմէ հեռու ըլլան, անոնք կ’ապրին, կը գործեն ու կը պայքարին մէկ եւ նոյն ազգի պատկանելիութեան խոր գիտակցութեամբ: Արդարեւ, տագնապները միասին դիմագրաւելու եւ իրարու օժանդակութեան ձեռք երկարելու պատրաստակամութիւնը մեր ժողովուրդի զաւակներուն համար միշտ եղած է անշեղ սկզբունք ու ամուր յանձնառութիւն:

Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կ’ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով աստուածահաճոյ իրագործումներով երկար գահակալութիւն: Կ’ողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, մաղթելով արդիւնաշատ ծառայութիւն՝ ի սպաս իրենց հոգեւոր խնամքին յանձնուած հօտին:

Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կ’ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը: Կ’աղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ մեր ազգին զաւակները, որպէսզի կարենանք Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգ հաւատքով ու կամքով դիմագրաւել մեր եկեղեցւոյ, հայրենիքին ու ժողովուրդին դիմաց յարուցուած մարտահրաւէրները:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Սուրբ Զատիկ 2026
Անթիլիաս

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am