Տրվում է վարձով
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբ-գրասենյակներից մեկի վրա (Լեո-Պարոնյան խաչմերուկից մի քիչ վերեւ) փակցված է կուսակցության առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանի մեծադիր նկարը: Նկարում Արամ Զավենիչը ժպտում է… Մինչդեռ նկարի տակ խոշոր տառերով գրված է՝ «Տրվում է վարձով»: Երեւանի քաղաքապետարանի էն հզոր կնոջը մի հատ հարցրեք՝ էս չի՞ ձեր պահած վարչապետի թեկնածուն…
Ես չէի անդրադառնա այս աննշան իրողությանը, եթե առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիվ 1 աջակիցն Արամ Զավենի Սարգսյանը չլիներ: Շատ էլ գյուղացի տղա է, քաղաքի նրբություններից չի հասկանում, պիտի այսպե՞ս վարվեն հետը: Լեւոն Տեր-Պետրոսյանը, է՜, երբ է ասել՝ Դավալուից ցախավելը հեծած՝ կգան Ազատության հրապարակ, հետո միասին կքայլեն Բաղրամյան ու իշխանությունը կվերցնեն… Եվ ՔՊ-ն, որ իր «հաջողությունների» համար մեծապես պարտական է «Հանրապետություն» կուսակցությանը, այսպե՞ս է վերաբերվում Արամ Զավենիչին, ի՞նչ է նշանակում՝ նրա նկարի տակ գրես՝ «Տրվում է վարձով»:
Արամ Զավենիչը, սակայն, բավականին գոհ է Փաշինյանի վերջին մոսկովյան այցից: Ինքը բարձրաձայն չի արտահայտվում այդ մասին, բայց ես հո զգո՞ւմ եմ, որ գոհ է: Հակառակ պարագայում հիմա Պուտինին, շատ ներողություն, պատերով կտար, կծեփեր պատերին, կփռեր ասֆալտին… Էդ ո՞ւմ ես վախեցնում ռուսամետ ուժերով, էդ ո՞ւմ ես սպառնում գազը թանկացնել, էդ ինչո՞ւ եք պարոն Թրամփին այդպես հպանցիկ անդրադառնում… Եթե այսպիսի հայտարարություններ չի անում Արամ Զավենիչը, ուրեմն գոհ է Պուտին-Փաշինյան հանդիպման «բաց մասի» արդյունքներից: Իսկ ինչ վերաբերում է նույն զույգի հանդիպման փակ մասին, ապա դրանից գոհ ենք թե՛ ես, թե՛ Արամ Զավենիչը, որովհետեւ թե՛ նա, թե՛ ես ոչինչ չգիտենք այդ մասին: Նիկոլը պիտի մեզ պատմեր՝ Պուտինի հետ ինչ են խոսել փակ դռների հետեւում, բայց Նիկոլն էլ բան չի ասում, որ բան հասկանանք: Օվերչուկն էր միայն ընդարձակ հարցազրույց տվել իրական Հայաստանի թշվառ վիճակի մասին եւ ասել, որ Հայաստանի ամենանեղ տեղով են Ադրբեջանն ու Թուրքիան կապվում իրար, ինչը չի կարող չանհանգստացնել 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի կողմերին՝ Ռուսաստանին եւ Իրանին: Պուտինը, արդյոք, այս մասին ասե՞լ է Փաշինյանին, թե՞ փակ դռների հետեւում շարունակել է «քարկտիկ» խաղալ նրա հետ, թե ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում: Իմ եւ Արամ Զավենիչի ունեցած միակ տեղեկությունն այն է, որ Պուտինն ու Փաշինյանը փակ դռների հետեւից դուրս են եկել «լայն» ժպիտներով՝ իբր «ամեն ինչ OK է»: Դրանից հետո, սակայն, Նիկոլն Արոյին ու Մհերին անգամ ոչինչ չի ասել… Մի կերպ հասել է կառավարության նիստին, շունչը տեղը բերել ու ներկայացել բրիֆինգին: Ինչո՞ւ էր Փաշինյանն այդքան այլայլված լրագրողների ներկայությունից ու հարցերից, այդ պահի նրա հոգեվիճակը կապ չունե՞ր «փակ դռների» հետեւում տեղի ունեցած քննարկման հետ: Փաշինյանին ես հաճախ եմ տեսել այլայլված վիճակում, բայց ոչ այդ աստիճանի: Ինչո՞ւ Մոսկվայից վերադառնալուն պես ԱԽ նիստ չհրավիրեց, ինչո՞ւ ՔՊ-ին չհավաքեց գլխին, ինչո՞ւ համապատասխան դիրեկտիվներ չտվեց՝ ինչ խոսել Մոսկվայի այցի մասին: Ուրիշ ժամանակ իր ՖԲ էջում կգրեր՝ այսինչ երկիր շատ հաջող այց ունեցա, նկարներ կտեղադրեր՝ «թռանք Երեւանից», «Իջանք Մոսկվա»… Դու զբաղված էիր՝ խոսնակդ թող աներ… Գործի անունն ի՞նչ է՝ լրագրողներին կարգի հրավիրե՞լը:
Մոսկովյան այցի ժամանակ Նիկոլին մատուցված անակնկալների եւ նրան պատճառված անհարմարությունների մասին շատ չեմ ծավալվի: Այդ կադրերը թե՛ ես եմ տեսել, թե՛ Արամ Զավենիչը եւ թե՛ աշխարհի մնացած հայերը: Ասեմ միայն, որ հայերը պատմության մեջ առաջին անգամ, այն էլ՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, այրեցին ՀՀ վարչապետի նկարը: Ի՞նչ ուզեցան ասել հայերը: Արդյոք այդ քայլով նրանք հանրագումարի չբերեցի՞ն ՀՀ գործող վարչապետի կառավարման 8 տարիների ողջ «հմայքն ու թշվառությունը»:
Այսքանից հետո էլ դեռ Արամ Զավենիչը ժպտում է իր մեծադիր նկարից… Դե հո իր՝ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 սարատնիկի նկա՞րը չեն այրել… Իր նկարի տակ ընդամենը խոշոր տառերով գրել են. «Տրվում է վարձով»:
Էդիկ Անդրեասյան
«Հրապարակ օրաթերթ»
