ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր
Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության) համագումարը։ Համագումարը կազմակերպության բարձրագույն ժողովն է, որը կայացնում է կարևորագույն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարություն, որոշում է կազմակերպության առաջիկա քաղաքականությունը՝ բանաձևերի և քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հյուրընկալվել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից։
ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։
Պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Սակայն, Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով՝ մասնավորապես ընդդեմ ժողովրդահանրապետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով, ոստիկանությունը ներխուժեց համագումարի անցկացման վայր և թույլ չտվեց որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատվեց, և բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգվեց։ Կատարվեցին միայն ընտրությունները, որից հետո համագումարը փակվեց՝ առանց որևէ բանաձևի ընդունման կամ բովանդակային քաղաքական քննարկումների։
International Union of Socialist Youth-ը միջազգային երիտասարդական խոշոր կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 150 սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական կազմակերպություններ՝ ավելի քան 110 երկրներից։
