Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում
Արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանին հարցրեցինք «մետրոյի դեպքի» մասին` երբ Փաշինյանը արցախյան զոհված հերոսի դստեր հետ զրուցելիս արցախցիներին անվանեց «փախածներ»: Հերմինե Ավագյանը նույնպես զոհված հրամանատարի դուստր է, ինչպես է գնահատում այդ միջադեպը:
«Նա, ում այդպես անվանեց` իմ հայրիկի մարտական ընկերոջ աղջիկն է: Նրա հայրը Արցախյան առաջին պատերազմում զոհված հրամանատար Մերուժան Մոսիյանն է: Այն ժամանակ, երբ մարդիկ դեռ հավատում էին, որ Մոսկվան խաղաղ ճանապարհով կլուծի Արցախի հարցը, հանրահավաքներ էին անում, Արմինեի հայրիկը և իմ հայրիկը նկուղներում զենք էին պատրաստում, ջոկատ էին հավաքում: Նրանք արդեն գիտեին, որ այդ հարցն առանց պատերազմի չի լուծվելու, և ինչպես հայրս էր ասում` օդից վառոդի հոտ է գալիս: Երբ նայեցի այդ տեսանյութը, չգիտեի, թե ես ինչ կպատասխանեի նրան Արմինեի փոխարեն: Ինքը պարզապես իրավունք չունի խոսելու որևէ հերոսի մասին, փախած անվանելու հերոսի աղջկան: Անվանել փախած մեկին, ում ամբողջ մանկությունն անցել է պատերազմի մեջ` ինչպես մեր բոլորինս: Այստեղ հարցը միայն Արմինեն չի, հարցն ամբողջ արցախահայությունն է, որ ստիպված է եղել բռնի կերպով դուրս գալ Արցախից: Որովհետև ուրիշ ճար չկար, եթե մնար` կցեղասպանվեր: Որովհետև մնացել էր մենակ, որովհետև բանակը զինաթափված էր, որովհետև ռուսների օգնության վրա հույս չկար և կար ադրբեջանական սպառնալիքը` ցեղասպանելու: Դա ամեն օր բարձրախոսներով հնչեցնում էին բոլոր գյուղերում, գրական հայերենով սպառնում էին, որ դուրս գանք։ Դուք կասկածո՞ւմ եք, որ իրենք ցեղասպանություն կանեին: Իսկ իրեն ես չեմ լսում արդեն, ես նեղանում եմ այն մարդկանցից, ովքեր իրեն հավատում են, ընդունում են իր ասածները և իրենք էլ արցախցիներին անվանում են փախածներ», ասաց Հերմինե Ավագյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը` «Հրապարակում»:
Հուսիկ Արա
