Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ՝ հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Պատմական ավանդույթից դեպի նոր սահմանափակումներ․ Իրավական փոփոխությո՞ւն, թե քաղաքական ուղերձ» վերտառությամբ հոդված է ներկայացրել։

«Սույն թվականի մարտի 25–ին Հայաստանի ԱԺ իշխող խմբակցությունը 67 կողմ ձայնով, 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն՝ այսուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվելու։ Որքան և ինչ փաթեթավորմամբ էլ այսօրվա իշխող քաղաքական ուժը փորձի վստահեցնել, թե օրենքի այս փոփոխությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված չեն, այլ դրանց նպատակն ընդամենը հողային սեփականության խնդիրը կարգավորելն է, միևնույն է վերջին ամիսներին իշխանությունների վարած եկեղեցահալած քաղաքականությունը փաստում է ճիշտ հակառակը։

Նշենք, որ ըստ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի՝ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերը, ըստ անհրաժեշտության, կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այնինչ՝ օրենքի նոր նախագծով, առանց ծանրակշիռ հիմնավորման, առաջարկվում է հողերը տրամադրել բացառապես և միայն օգտագործման իրավունքով։

Հայոց պատմության մեջ թերևս բազմաթիվ են դեպքերը, երբ Հայոց թագավորները, իշխանները, ազնվականներն ու եկեղեցասեր անձինք կալվածքներ են նվիրել եկեղեցիներին և վանքերին։

Այսպես՝ ըստ պատմագրության հաղորդած տեղեկությունների՝ Ս․ Տրդատ Գ Մեծ արքան Եկեղեցին դասել էր «ազատաց տոհմին» կարգին և ավաններում ու ագարակներում սեփականության իրավունքով հողատարածքներ էր նվիրել՝ տնտեսապես ապահովելու համար (Հ․ Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երևան, 1934, էջ 104-109)։

IV դարավերջին ավատատիրական կարգերի զարգացումը տանում էր մասնատման, իսկ կենտրոնախույս ուժերի համար առկա էին անջատվելու հնարավորություններ, և այս պայմաններում կենտրոնական իշխանությունն ամուր պահելու խնդիր էր առաջացել։ Այս առարկայական իրավիճակի առջև կանգնած պետության համար Հայ Եկեղեցին լավագույն աջակիցն էր՝ քրիստոնեական արժեքների ամրագրումով, իսկ Ս․ Ներսես Մեծ կաթողիկոսը՝ հեղինակավոր հաշտարար, որը փորձում էր մեղմել թագավորի և իշխանների միջև առկա հակասությունները։ Ցավոք, Արշակ թագավորը դա չընկալեց և չգնահատեց։ Թե արքան ինչպես հետամուտ եղավ եկեղեցական կալվածքների սահմանափակմանը, ուղղակիորեն հայտնի չէ․ Փավստոս Բուզանդի հիշատակության համաձայն՝ Հայր մարդպետը Տարոն այցելության ժամանակ, որտեղ այդ պահին գտնվում էր նաև Ս․ Ներսես Մեծը, հիացած եկեղեցական կալվածքների բարեկարգությամբ, հոխորտում է, թե թագավորին պետք է համոզել՝ վերցնել այդ կալվածքները Եկեղեցուց։ Ս․ Ներսես հայրապետը պատասխանում է, որ ուրիշի ունեցվածքին աչք դրած չարամիտ մարդը չի հասնում իր նպատակին։ Հայր մարդպետի ճակատագրով հետաքրքրվողները կարող են կարդալ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը (Երևան, 1987, էջ 181)

XIII դարում Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանը Տաթևի վանքին է վերադարձնում վաղուց հափշտակված տիրույթները՝ Հարժիքն ու Ցուրը՝ իրենց սահմաններով, իր ձեռքով տնկած այգին Խոտագետում, Քեթիավանքը՝ իր սահմաններով՝ լեռներով ու դաշտերով (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 332-333)։

Այսպիսի վկայությունները հայ պատմագրության մեջ բազմաթիվ են։ Անշուշտ, Սուրբ Էջմիածնի կալվածքների վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում ենք կազմում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատության շնորհիվ, որտեղ, ըստ ներկայացված կալվածագրերի, հրովարտակների, հրամանագրերի և վաճառագրերի, անուն առ անուն հիշատակվում են XVIII դարավերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գյուղերը, այգիները, պարտեզները, ջրամբարները, կալվածքներն ու անշարժ գույքը։

Նշենք այդ բնակավայրերից որոշները, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեփականության իրավունքով ուներ հսկայական հողատարածքներ՝

1. Վաղարշապատ

2. Օշական

3. Ֆռանկանոց (Ամբերդ)

4. Մաստարա

5. Քիրաշլու (Ապարանի տարածքում)

6. Մուղնի

7. Սանտ (Դիպակլու)

8. Քեշիշքենդ

9. Այդինդավրիշ (Չալաբի քենդ)

10. Նորագյուղ (Երևանի տարածքում)

11. Նորք (Երևանի տարածքում)

12. Եղվարդ

13. Յայիճ (Երևանի նահանգում)

14. Ամիրի (Երևանի նահանգում)

15. Մելիք (Ապարանի տարածքում)

16. Բաթռինջ (Երևանի նահանգում)

17. Բոխենիս (Չաշուռլու․ Ամբերդ ամրոցի տարածքում)

18. Ծոպանիս (Երևանի նահանգում)

19. Ղարաղոյունլու

20. Յոլ Քյասան (Գառնիի նահանգում)

21. Աշտարակ

22. Աղավնատուն

23. Նորագավիթ

24. Բյուրական

25. Հաջլար և այլն։

Առավել ընդարձակ է եկեղեցապատկան այգիների, պարտեզների, ջրամբարների, լճակների, ձիթհանների, ջրաղացների, տների, խանութների և այլ անշարժ գույքերի ցանկը։

Նշենք, որ մի շարք վավերագրեր վկայում են, որ Եկեղեցու՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը պահպանվել է մինչև XX դարասկիզբը (տե՛ս Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Է, Երևան, 2000, էջ 80-97)։

Ավելին՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն ամրագրել է եկեղեցապատկան գույքը, այլ նաև այն համարել է Սուրբ Էջմիածնի անձեռնմխելի սեփականությունը․ «Մայր Աթոռի իրաւասութեան ենթակայ վանքերի, եկեղեցիների և այլ աստուածահաճոյ հաստատութիւնների բոլոր կալուածները, շարժական ու անշարժ գոյքերը մնում են անձեռնամխելի սեպհականութիւն Հայաստանեայց Առաքելական Մայր Եկեղեցւոյ» (տե՛ս Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Ե, էջ 515)։

Միայն Հայաստանի խորհրդայնացումից հետո է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական և անշարժ, այդ թվում՝ մշակութային արժեք ներկայացնող գույքը (ձեռագրեր, գրքեր, արվեստի նմուշներ, գտածոներ և այլ իրեր) ապօրինաբար բռնագրավվել և պետականացվել։

Ընդգծենք, որ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը նախորդ հանրապետությունների իրավահաջորդն է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլ նաև պարտավորությունների առումով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող անշարժ և շարժական գույքի մեծագույն մասն առ այսօր չի վերադարձվել, և Եկեղեցին էլ դրա դիմաց փոխատուցում չի պահանջել, ինչի իրավունքը լիովին ունի։

Հ․Գ․

Իսկ որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ ողջ ազգի առջև «Արցախը Հայաստան է և վերջ» մարդահաճո խոստումով իշխանության գալու, բայց Արցախը՝ իր սրբավայրերով հանդերձ թշնամուն հանձնելու, Արցախը հայաթափելու, հազարավոր զոհեր և վիրավորներ տալու, հայի արժանապատվությունը նսեմացնելու և Հայրենիքը բազում վտանգների և արհավիրքների առջև կանգնեցնելու մասին»,- գրել է Տեր Արարատը։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ Լիակատար սատարումս երիտասարդներին. Թովմաս Առաքելյան «Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է գրեթե 90 տոկոսով. Ալիև Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ» Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ՝ հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am