Շենգավիթի ոստիկանները ձերբակալել են վարչական արգելքի որոշումը խախտած տղամարդուն
Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։
Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում․ տղամարդուն արգելված էր այցելել իր ընկերուհուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։
Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին՝ ժամը 10․50-ին, 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց Շենգավիթի բաժին։
Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին, անտեսելով վարչական արգելքը, տղամարդն այցելել է իրեն։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
