Երևանի N 94 մանկապարտեզի դայակներին հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել
Երևանի N 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանն այսօր մանկապարտեզ աշխատանքի չի ներկայացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին մանկապարտեզի սաների ծնողները։
Ծնողներն, այդուհանդերձ, այսօր իրենց երեխաներին տարել էին մանկապարտեզ՝ մինչև հարցի վերջնական լուծումը, սակայն արձանագրել էին, որ դայակներն էլ չկան և տեղեկացել էին, որ նրանց հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել։
24News-ը փորձեց կապ հաստատել մանկապարտեզի տնօրենի հետ, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր։
Հիշեցնենք, որ երեկ 24News-ը տեղեկացրել էր, որ Երևանի N 94 մսուր-մանկապարտեզում վաղ առավոտից ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով տնօրենի վարքագծից։ Մեզ հետ զրուցած ծնողները նշում էին, որ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են գրել և հեռանում են և որ Փառանձեմ Միրիբյանն իր ծանոթներին է տեղավորում կրթական հաստատությունում։ Հետո արդեն մանկապարտեզի դայակներն ու մասնագետները անձամբ խոսեցին ու բարձրաձայնեցին իրենց խախտված աշխատանքային իրավունքների, տնօրենի կողմից իրենց անվայելուչ խոսքեր ասելու դեպքերի վերաբերյալ։
Ի պատասխան այդ մեղադրանքների՝ տնօրենը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այդ թեմային, միայն ասաց, որ սադրող հարցեր չտանք, ինքը վերջերս է վիրահատվել և իրեն լավ չի զգում։
Բողոքող ծնողները երեկ եղել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, հանդիպել թաղապետի հետ, ներկայացրել իրավիճակը։ Թաղապետարանից խոստացել են հրատապ լուծում տալ հարցին։
Երևանի քաղաքապետարանն էլ, իր հերթին, նշել էր, որ ուսումնասիրություն է կատարվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։
Սակայն մինչև այս պահը որևէ նորություն չկա։
Մերի Մանուկյան
