Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի ապրիլի 1-ի ուղերձի, որում ԱՄՆ նախագահը խոստացել էր հուժկու հարվածներ հասցնել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հորդորել էր Թեհրանին համաձայնել ամերիկյան կողմի պահանջներին ։
«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը», – ասել է Էսմայիլ Բաղային՝ շարունակվող հակամարտությունն անվանելով «աղետալի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, Բաղային նշել է, որ Իրանը կշարունակի դիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։
ԱԳՆ խոսնակը վերահաստատել է միտքն այն մասին, որ Իրանը Պարսից ծոցի իր հարևան երկրներին թշնամի չի համարում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վճռական ենք շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները նրանց բոլորի հետ։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն օգտագործում են նրանց տարածքներն Իրանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար», – ասել է նա։
«Սա անարդար պատերազմ է, որը պարտադրվել է Իրանի ժողովրդին։ Մենք այլընտրանք չունենք, քան վճռականորեն հակահարված տալ», – հայտարարել է Բաղային։
