Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը Матч ТВ-ի հետ զրույցում հայտարարել է, որ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի բացակայությունը չի խանգարի «Կրասնոդարին» հաջող հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերում։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Սպերցյանը բաց էր թողել Հայաստանի ազգային հավաքականի և Բելառուսի դեմ ընկերական հանդիպումը, որն ավարտվել էր 1:2 հաշվով: Ավելի վաղ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել էր, որ ֆուտբոլիստը ազգային թիմի ճամբարում վնասվածք է ստացել։ Հայաստանի հավաքականից հաստատել են, որ Սպերցյանի ապաքինումը կտևի մոտ երկու շաբաթ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սպերցյանի վնասվածքը կազդի թիմի խաղի վրա, Մոստովոյը նշել է, որ անցյալ տարի ևս հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել, բայց արդյունքում ակումբը դարձավ չեմպիոն: Ըստ նրա՝ ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել ընդամենը մի քանի շաբաթով, և դրանում սարսափելի ոչինչ չկա, քանի որ կան Բոսելին և այլ տղաներ: Նախկին ֆուտբոլիստը վստահ է, որ «Կրասնոդարը» կհաղթահարի այս խնդիրը, քանի որ ունի լավ կազմ, ինչի շնորհիվ էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ պայքարում է չեմպիոնության համար:
Ապրիլի 4-ին «Կրասնոդարը» ՌՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Գրոզնիի «Ախմատի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ: Այս պահին «Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող Պետերբուրգի «Զենիթից»:
Armsport
