Կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իմ տղաներից ամենաաշխույժը Արմենն էր։ Շատ ճարպիկ էր։ Միշտ ելք էր գտնում ցանկացած իրավիճակից։ Սիրում և հարգում էր ծնողներին, ընկերասեր էր։ Հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր մարդու։ Բակում կարող էր տեսնել տատիկ-պապիկների, որոնց ձեռքին ծանր տոպրակներ էին լինում, անմիջապես գնում էր օգնության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Արմենի մայրիկը։
Արմենը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ «Դպրոցական տարիներին նաև սպորտով է զբաղվել, շախմատով, նկարչությամբ, ֆուտբոլով։ Բայց իր սիրելի առարկան մաթեմատիկան էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենը աշխատանքի է անցել խանութներից մեկում, իսկ հետո զորակոչվել է ժամկետային զինծառայության։ «Խանութում աշխատում էր և՛ որպես հսկիչ, և՛ աշխատակիցներին էր օգնում։ Երբ մեկնեց պատերազմ, նրա փոխարեն որևէ մեկին աշխատանքի չէին ընդունել։ Արմենիս զոհվելուց և տուն «վերադարձից» որոշ ժամանակ հետո նրա գործընկերները մեր տուն եկան։ Միշտ ասում էին՝ Արմենի նման աշխատող չենք ունեցել։ Աղջիկները շեշտում էին՝ բոլորին օգնում էր»։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
