Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան
44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը հրապարակել է իր նոր բանաստեղծությունը.
Այս հանգանակված երջանկությու՞նը ինձ պիտի տային՝
Որպես աշխարհից խռոված սրտով մի մուրացկանի,
Մի՞թե էս հողին առողջ ծիծաղի սերմեր չկային,
Եվ ողբերի մեջ դժոխքի քամին ինձ պիտի տանի։
Սանձել չեմ կարող, պոռթկում է արդեն ցասումն անողոք,
Եվ դուրս են թռչում իմ երակներից գազաններ վայրի,
Պարկեշտություն չէ՝ կրքախեղդ ապրել՝ իբրև այր խելոք,
Եվ սրբություն չէ կուսաթաղանթը անսեր պառավի։
Անհագ հոգիներն այս՝ խաբեության ձիրքով անթերի,
Որ արքունիքի արբշիռությունն են միայն փայփայել՝
Կարո՞ղ են արդյոք մոտենալ ցավիս ոտնահետքերին
Եվ բռնաբարված առաքինությամբ հայրենիք պահել։
Ոճիր է միայն, ծախու տենչերի անպատիժ ոճի՚ր,
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել,
Բայց ես հո գիտեմ, որ չի սպառվել քո հայացքը ջինջ.
Դեռ պիտի շողա՜ս, պիտի արարե՜ս, նաիրյա՚ ն արև։
