Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ
Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։
