Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան
Նիկոլ Փաշինյանն ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսի՞ն է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած՝ սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով․ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ինչքան վատ պետք է լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր հայտարարություններին, թե ՀՀ-ում առկա է հիբրիդային սպառնալիք, որի վերաբերյալ նույնիսկ Արտաքին հետախուզությունն էր առանձին հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, որ բացահայտվել է կոնկրետ երկրի կողմից միջամտության դեպք։
«Ես հարց ունեմ «ինքնիշխաններին». եթե այդպես կոնկրետ դեպքեր են բացահայտվել, ինչո՞ւ եք կաշկանդված տալ այն պետության անունը, որը մեզ համար ներկայացնում է այդ սպառնալիքը։ Ինչպե՞ս կարող է ինքնիշխանությունն ունենալ սահմանափակում, ինչի՞ց եք վախենում»,-հարցեր հնչեցրեց նա։
Երրորդ դիտարկումն էլ վերաբերում էր այն հայտարարություններին, թե իշխանությունը պնդում է, որ «Հայաստան» խմբակցությունը գալու է և «Գյումրի-2» սցենար է իրականացնելու, միաժամանակ նշում են, թե «Հայաստան» խմբակցությունը շեմը հաղթահարելու հնարավորություն չունի։
«Կողմնորոշվեք՝ շեմը չենք հաղթահարելո՞ւ, թե՞ «Գյումրի-2» ենք անելու»,- նշեց նա։
