Մենք չենք կարող ընդունել մեղադրանքները, թե Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն մեկնաբանել են Ռուսաստանի՝ Իրանին հետախուզական տվյալներ մատակարարելու մասին լրատվամիջոցներում ներկայում քննարկվող պատմությունը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը France Television-ին տված հարցազրույցում։
«Նրանք ասել են, որ Ռուսաստանն իսկապես սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ունենք։ Մենք Իրանին մատակարարել ենք որոշակի տեսակի ռազմական արտադրանք, բայց չենք կարող ընդունել մեղադրանքները, թե մենք Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ տարածաշրջանում ամերիկյան բազաների կոորդինատները հայտնի են բոլորին։
«Սա չի թաքցվում։ Սա բաց տեղեկատվություն է։ Ես չեմ զարմանում, որ Իրանը հարձակվում է նրանց վրա»։
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Պարսից ծոցի համագործակցության գոտու մեր ընկերները, երբ արդեն պարզ էր, որ պատերազմ է հասունանում, ԱՄՆ-ին ամեն կերպ համոզում էին կրկին սկսել այս արկածախնդրությունը»,- ասել է նա։
Ըստ Լավրովի՝ արաբական ծոցի երկրները հստակ հայտարարել են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրի կամ իրենց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները չեն թողնի օգտագործել Իրանի վրա հարձակման համար։
«Սակայն ռազմական գործերի մասին նույնիսկ նվազագույն գիտելիքներ ունեցող ամեն մարդու պարզ է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներն օգտագործվել են հետախուզական և արբանյակային տվյալներ հավաքելու և փոխանցելու համար: Այն, որ վերոնշյալ բազաներն այժմ ենթարկվում են պարբերական հարձակումների, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է: Իզուր չէր, որ ամերիկացիներն իրենց զորքերի մեծ մասը տարհանել էին այս բազաներից: Սա նաև ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է լինելու: Այս ագրեսիան սկսելով՝ նրանք դավաճանեցին և հիասթափեցրին իրենց արաբ դաշնակիցներին»,- նշել է Լավրովը:
