Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Հովսեփյանն ու պարեկ Ռոբերտ Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
