Իրաքում ավիահարվածից սպանվել են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայիններ
Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարարել են, որ իրենց մարտիկներից 15-ը զոհվել են երկրի արևմուտքում գտնվող օբյեկտի վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակման հետևանքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։Գրոհի հետևանքով սպանվել է նաև Անբարի նահանգում PMF գործողությունների հրամանատար Սաադ ալ-Բայջին, որի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Բաղդադում։
Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի կազմի մեջ մտնող ռազմականացված խմբերից մի քանիսը կապված են Իրանի հետ։
PMF-ը պաշտոնապես ինտեգրվել է Իրաքի պետական անվտանգության ուժերում։Reuters-ը հաղորդում է, որ հարվածները թիրախավորել են PMF-ի շտաբը բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ անվտանգության նիստի ժամանակ։
Իր հերթին, The Associated Press-ը հաղորդում է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլում հրթիռակոծության է ենթարկվել «Փեշմերգա» զորախմբի ռազմաբազան։ Վեց մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ «Փեշմերգա» ուժերը հարվածի համար մեղադրել են Իրանին։
