Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
«Մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ներողությունը կարծես դառնում է կամ դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից , հիթերից մեկը։ Քպականներն ու Նիկոլ Փաշինյանի տարատեսակ սիրահարներ դա ներկայացնում են որպես բացառիկ, եզակի նշանակության մի իրադարձություն, որը հատուկ է հենց նրան։ Այդ նույն մարդիկ սակայն բուն միջադեպին վերաբերող որևէ խոսք կամ գնահատական չեն ասում։
Ներողությունը մեր առօրյա, մարդկային հարաբերությունների, շփումների քաղաքավարության անբաժանելի մի մասն է, և մենք շատ ամգամ ակամայից ենք ներողություն խնդրում։ Նիկոլ Փաշինյանն իր անվայել պահվածքի ողջ ընթացքում ոչ մի անգամ ներողություն չխնդրեց արժանապատիվ այդ կնոջից։ Ներողությունը պահվածքի մեջ է և ոչ թե խոսքերի, առավելևս երբ վարչապետ ես։ Իսկ որպես վարչապետ նա առավոտից իրիկուն պետք է ներողություն խնդրի, հատկապես արցախցիներից, անհանդուրժող լինի նրանց նկատմամբ ատելության խոսքի և այլ անօրինականությունների դեմ, որը մենք չենք տեսնում։ Իսկ Նիկոլի ներողության մեծարումը դա սովորական քծնանք է և ստրկամտություն»։
