Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։
Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 17 տարի ժամկետով ազատազրկումը, տուժող կողմը՝ 20 տարվա ազատազրկում։
Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ, շարունակում են պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է՝ դատական ակտն ապօրինի է։
«Չմոռանանք, որ կա անձ, ով դատարանում հայտարարել է, թե սպանությունն ինքն է կատարել։ Հիմա, եթե պետությունը՝ դատական համակարգով, ըստ էության, պաշտպանության տակ է առնում քննչական և դատախազական համակարգը, որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա գործ չէ, որ քննել են։ Քրեական գործն ի սկզբանե մեկ ուղղությամբ է քննվել, սկսված՝ քրեական գործ հարուցելիս Նարեկ Սարգսյանի անունը նշված է եղել, որ կատարել է համապատասխան գործողությունը, դա չի նշանակում, որ անմեղ մարդուն դատելով՝ համակարգը պետք է փրկի դեմքը»,- հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ դատավճիռն իրավաչափ չէ, դատարանը նաև հաշվի չի առել անձը բնութագրող դրական հատկանիշները։ Նարեկ Սարգսյանը, պաշտպանի փոխանցմամբ, չի մասնակցել դատավճռի հրապարակմանը՝ դժգոհության ձայն հայտնելով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
