Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ երանաշնորհ Իլիա Երկրորդ Պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու Եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Այս մասին 24News-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։
«Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան ու սուգի մեջ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայոց Եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին Սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը՝ անհիմն նկատելով ի Տեր ննջած Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։
Նման գործելաոճը պախարակելի է, չի բխում ՀՀ շահերից, նաև մեծապես հարվածում է ինչպես երկրի արդարադատությանը, այնպես և միջազգային վարկանիշին։
Այսպիսով՝ հերթական անգամ իշխանությունները հակասահմանադրական քայլով, ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում գործունեություն ծավալելու հովվապետական պարտավորություններն ու իրավունքները։
Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան իրագործված ապօրինի հետապնդում և բռնաճնշում»։
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել, և Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարողանա մասնակցել Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքի հուղարկավորությանը։
