Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) 2023, 2024 և 2025 թվականները համարել է ամենատաք տարիները ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում:
«Վերջին երեք տարիներն ամենատաք երեք տարիներն են ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ 176-ամյա պատմության ընթացքում», – նշվում է զեկույցում: Ընդ որում, 2025 թվականը մի փոքր զով է եղել ռեկորդային շոգ 2024 թվականից և համարվում է միայն «երկրորդ կամ երրորդ ամենատաք տարին» պատմության մեջ: ՕՀԿ-ի փորձագետներն այդ դինամիկան բացատրում են, այդ թվում, 2024 թվականի սկզբին Էլ Նինյո երևույթից 2025 թվականին Լա Նինյա երևույթին անցմամբ:
Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել են հունիսի համար առավելագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդներ (համապատասխանաբար 46,6 և 46,0 աստիճան Ցելսիուս), Թուրքիայում՝ հուլիսի համար (50,5 աստիճան Ցելսիուս) առավելագույն ռեկորդ: Ճապոնիան, Չինաստանը և Կորեայի Հանրապետությունն ապրել են ամենաշոգ ամառը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ընդ որում, Ճապոնիայում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 41,8 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Չինաստանի շատ շրջաններում:
Երկրի վրա կլիման և եղանակը մեծապես կախված են երկու կլիմայական երևույթներից՝ Էլ Նինյոյից և Լա Նինյայից (իսպաներեն՝ «տղա» և «աղջիկ»): Առաջինը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան շրջանների ջրի վերին շերտի կտրուկ տաքացման հետ, իսկ երկրորդը՝ դրա ջերմաստիճանի նվազման հետ: Էլ Նինյոն և Լա Նինյան միմյանց փոխարինում են յուրաքանչյուր մի քանի տարին մեկ, ինչը հանգեցնում է զգալի փոփոխությունների օվկիանոսային հոսանքների և մթնոլորտում քամիների շրջապտույտում: Նման տեղաշարժերը պարբերաբար առաջացնում են երաշտներ Երկրի որոշ տարածաշրջաններում և սաստիկ անձրևներ՝ մյուսներում:
