Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում բախվել են «Mercedes» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Անի Դանիելյանը։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «VAZ 2121»-ը անցել է բազալտե եզրաքարի վրայով և հարվածել քաղաքային տրանսպորտի համար տեղադրված կանգառի սյանը՝ վնասելով այն։
Բարեբախտաբար, այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։
