Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում
Ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, հայտարարել են, որ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման ջանքերում՝ դատապարտելով Իրանի կողմից կենսականորեն կարեւոր ջրային ուղու փակումը, հաղորդել է The Guardian-ը։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել նեղուցով անվտանգ անցման ապահովման համապատասխան ջանքերին։ Մենք ողջունում ենք նախապատրաստական պլանավորմանը մասնակցող երկրների հանձնառությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի կողմից Պարսից ծոցում անզեն առեւտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթագազային օբյեկտների դեմ հարձակումները եւ Հորմուզի նեղուցի փաստացի փակումը իրանական ուժերի կողմից»,- նշվել է 22 երկրների հայտարարության մեջ, որոնց մեջ են մտել նաեւ ԱՄԷ-ն եւ Բահրեյնը։
Մեծ Բրիտանիայի ծովային առեւտրային գործողությունների գրասենյակի (UKMTO) վիճակագրության համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողությունից առաջ նեղուցով ամեն օր անցնում էր մոտ 138 նավ։ Պատերազմի սկզբից ի վեր UKMTO-ն գրանցել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծոցում առեւտրային նավերի եւ ծովային ենթակառուցվածքների վրա Իրանի ավելի քան 20 գրոհ։
