Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը Իդ ալ-Ֆիտր (Ուրազա-բայրամ) տոնի առթիվ ուղերձով դիմել է աշխարհի մուսուլմաններին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Արաբերենով հրապարակված իր ուղերձում քաղաքական գործիչն իսլամական երկրներին կոչ է արել տնօրինել սեփական ճակատագիրը և դադարել հույսը դնել արևմտյան ուժերի վրա:
Ղալիբաֆը զգուշացրել է, որ անգործությունը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունն ուղղված է մուսուլմանների ինքնության ոչնչացմանը՝ անկախ նրանց դավանանքից (շիա կամ սուննի) կամ տարիքից:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իսլամի հակառակորդները մուսուլմաններին վերաբերվում են որպես «ամաղեկացիների» (կրոնական տեքստերում հիշատակվող հնագույն ժողովուրդ, որը ներկայացվում է որպես թշնամի)՝ հավատալով նրանց լիակատար բնաջնջման և ցեղասպանության անհրաժեշտությանը:
Ղալիբաֆը կոչ է արել տարածաշրջանում ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված մուսուլմանական ժողովուրդների եղբայրության, այլ ոչ թե արտաքին խաղացողների նկատմամբ վստահության վրա։
«Մուսուլմանների միջև ցանկացած տարաձայնություն ձեռնտու է մեր ընդհանուր թշնամիների մասշտաբային ծրագրերին»,- նշել է նա։
Իր ուղերձում Իրանի խորհրդարանի խոսնակը բազմիցս մեջբերել է Ղուրանը (մասնավորապես՝ «Ալ-Բաքարա» և «Հուդ» սուրաները)՝ հիշեցնելով, որ իսլամի հակառակորդների ցանկություններին հետևելը կհանգեցնի աստվածային աջակցության կորստի և պարտության։
Նա խստորեն քննադատել է ԱՄՆ-ին որպես «Գազայում, Լիբանանում և Իրանում իրականացվող ցեղասպանության գլխավոր հովանավորի»՝ աջակցության և անվտանգության մասին նրանց խոստումները անվանելով սուտ, որը բերում է միայն պատերազմ և անկայունություն։
