ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
«Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։
Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին զգալի աճ է արձանագրվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։
Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է է՛լ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։
Կոսը նաև ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ՝ այն դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։
Նա նաև ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։
Հանձնակատարի տվյալներով՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է շուրջ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։
«Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով»,- ընդգծեց Կոսը։
Մարթա Կոսի խոսքով՝ նոր՝ 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
«Այս միջոցները կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»,- նշեց նա։
Կոսը նաև անդրադարձավ ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։
