Տեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ողջ կյանքում ոստիկան է եղել, հետհեղափոխական Հայաստանում սկսել են ընտանիքով ունեցվածք կուտակել։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Մարտիրոսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան համեստ ունեցվածք ունի, սակայն կինը շարունակում է հարստանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրեց մի ուշագրավ հանգամանք․ Նոննա Սահակյանը իր հայտարարագրում որպես պաշտոն նշել է «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», մինչդեռ, ըստ Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրի, նա աշխատում է «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես մարզիչ։ Ակնհայտորեն սխալ լրացված հայտարարագիր, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աննկատ է թողնում։
Ինչ ունի Հովհաննես Մարտիրոսյանը
Անշարժ գույք (ընդհանուր՝ առնվազն 6 միավոր, բոլորը՝ համատեղ սեփականությամբ, Երևանում)
Անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով
Երկրորդ բնակելի տուն՝ նույն բնույթի
Հողամաս
Ավտոտնակ / ավտոկայանատեղի
Հողին ամրակայված այլ անշարժ գույք (2 միավոր)
Տրանսպորտային միջոց
Mercedes-Benz, 2006 թ․ (ձեռք բերված՝ 2020 թվականին)
Ֆինանսական միջոցներ
Բանկային հաշիվներում՝ 1,123,054 դրամ
Եկամուտներ (2024 թ.)
Աշխատավարձ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ 14,668,036 դրամ
Կենսաթոշակ՝ ՀՀ ոստիկանությունից՝ 1,194,100 դրամ
Ընդհանուր՝ 15,862,136 դրամ
Պարտավորություններ
Վարկերի մնացորդ՝ 7,176,642 դրամ
Իսկ ինչ միջոցներ ունի կինը՝ Նոննա Սահակյանը
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև տեսչական մարմնի ղեկավարի կնոջ հայտարարագիրը, որտեղ պատկերը զգալիորեն տարբեր է․
Բանկային հաշիվներ
€ 25,255
$ 28,999
1,163,938 դրամ
Կանխիկ միջոցներ
€ 9,550
$ 8,300
3,500,000 դրամ
Եկամուտներ
Տարբեր աղբյուրներից (որպես ֆիզիկական անձ)՝
$ 17,825
€ 15,756
7,169,534 դրամ
. Վարձակալությունից եկամուտ՝ 1,200,000 դրամ
. Աշխատավարձ՝ «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ից՝ 252,436 դրամ
Ընդհանուր՝ 22,346,250 դրամից ավելի եկամուտ՝ տարեկան
Ահռելի վարկային պարտավորություններ
Չնայած կայուն և բարձր եկամուտների, ստուգող մարմնի ղեկավարի ընտանիքը վարկերի տակ կքած է։
$ 100,000
38,799,000 դրամ
Հարցեր և կասկածներ, որոնք առաջանում են հայտարարագրի ուսումնասիրությունից
Ինչպե՞ս է ձևավորվել ընտանիքի ֆինանսական բալանսը, երբ պաշտոնյա Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրած եկամուտներն ու միջոցները համեմատաբար սահմանափակ են, մինչդեռ կնոջ՝ Նոննա Սահակյանի դրամական միջոցներն ու եկամուտները զգալիորեն մեծ են և բազմազան աղբյուրներից։
Նոննա Սահակյանի հայտարարագրում առկա պաշտոնի վերաբերյալ հակասությունը լուրջ հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է նա նշել, որ հանդիսանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, այն դեպքում, երբ, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է մասնավոր հատվածում՝ «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում։ Ինչքանո՞վ են հիմնավորված կնոջ կողմից հայտարարագրված արտարժույթով զգալի եկամուտները (դոլարով և եվրոյով), և արդյոք դրանք լիարժեք արտացոլում են գործունեության իրական ծավալներն ու աղբյուրները։
Ընտանիքի պարտքային բեռը նույնպես ուշադրության արժանի է․ հատկապես կնոջ մասով առկա են խոշոր պարտավորություններ՝ թե՛ դրամով, թե՛ արտարժույթով։
Հայտարարագրում առկա մեծածավալ կանխիկ միջոցները (միաժամանակ տարբեր արժույթներով) ևս հարցեր են առաջացնում դրանց ծագման, շրջանառության և հաշվառման թափանցիկության վերաբերյալ։
Եվ երբ տեսչական մարմնի ղեկավարը գնում է ստուգելու տարբեր կառույցներ, թերևս պետք է սկսի ինքն իրենից և կնոջից՝ պատժամիջոցները ներառյալ»։
