Տեղումները կլինեն զգալի
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
