«Հրապարակ»․ Պետությունը պարտավոր է դրսում ապրող իր քաղաքացիների ընտրելու հնարավորությունն ապահովել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

 Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը վարչական ողջ ապարատը ծառայեցնում է իր վերարտադրությանը, եւ այդ նպատակով տարատեսակ դավադրապաշտական սցենարներ են դաշտ նետվում ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, իշխանության գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի մասին։ Իշխանական արշավին են միացել նաեւ սպասարկու ՀԿ-ներ, քաղաքագետներ, քաղհասարակություն կոչվածը։


Արտաքին հետախուզության ծառայության տարօրինակ հայտարարության թանաքը դեռ չչորացած՝ իրավական գործընթացի մեկնարկ է տրվել: «Անկախ դիտորդ» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը զարգացնում է իշխանության գծած պլանը։ Հիշեցնենք․ Արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդեց, թե իբր «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։ Ծառայությունը թեպետ չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը, ինչպես են պարտադրում, սակայն հայտարարությունից վայրկյաններ անց ՔՊ-ականները լայվեր արեցին եւ խոսեցին Ռուսաստանի մասին, որն իբր ուզում է Սամվել Կարապետյանի միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Հղում անելով իշխանության մեր աղբյուրներին՝ գրել էինք, որ իրականում Փաշինյանը ցայտնոտի մեջ է ընկել սոցհարցումներից, որոնք, մեղմ ասած, իր օգտին չեն: Զգում է, որ իշխանությունը փախչում է ոտքերի տակից, ուստի տարբեր սցենարներով մտադիր է Հայաստանում «մոլդովական սցենար» կիրառել, եւ երբ լրիվ անհույս կլինի իրենց ընտրվելը, որոշ ուժերի զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ինչ-որ ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Իբր փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից, նյութապես շահագրգռելու եղանակով, խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը, այն է՝ այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավար անձինք, քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրում հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն՝ դրա դիմաց խոստանալով տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը՝ այդկերպ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ անձանց հարկադրելով մասնակցել ընտրությանը»: Վարույթը նախաձեռնվել է Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Քրեական օրենսգրքում ներդրված նոր՝ 210-րդ հոդվածի կետերով: Հոդվածը վերաբերում է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, բայց այնքան անորոշ ու հեղհեղուկ է, որ հայեցողական մեկնաբանության լայն հնարավորություն է ընձեռում իրավապահներին։ Օրինակ, խոչընդոտել կարող է դիտարկվել այն, երբ մեկը կարող է զանգել եւ ասել` արի քեզ իմ մեքենայով տանեմ ընտրատեղամաս, կամ հորդորել իր հարեւանին՝ անպայման մասնակցել ընտրություններին։

Սա այն նույն հոդվածն է, որով հետապնդումներ են սկսել 2025-ի նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններին մասնակից «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի աջակիցների նկատմամբ։ Նախօրեին էլ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ տեղեկություն ունի, թե Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով ФСБ-ի՝ Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա, փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաեւ՝ 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում յուրաքանչյուրին: Ավելին, հաղորդեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն` ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։ Այսինքն՝ իբր ռուսաստանաբնակ գործարարներին ՌԴ հատուկ ծառայությունները պարտադրում են, հօգուտ հայաստանյան կուսակցություններից մեկի, փող ծախսել։ Սցենարն ակնհայտ է, 1-2 մարդ կխոսեցնեն տեսախցիկների առաջ, որոնք կհայտարարեն, թե իրենց ստիպել են քվեարկել ինչ-որ մեկի օգտին, եւ դրա հիման վրա կխոչընդոտեն ընդդիմադիր ուժերի պայքարը, ընդհուպ՝ կչեղարկեն ընտրություններին մասնակցությունը։

Քրեական իրավունքի մասնագետ Հայկ Ալումյանը զավեշտալի է համարում թե՛ Արտաքին հետախուզության ծառայության, թե՛ նմանատիպ այլ հայտարարություններ, նշում է, որ պետության պարտավորությունն է՝ հոգալ իր քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որտեղ էլ որ նրանք լինեն․ «Դրսում գտնվող, ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել տվյալ երկրում ընտրություններին մասնակցելու հնարավորություն: Մենք տեսնում ենք շատ երկրներ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են այդ հնարավորությամբ` ե՛ւ օրենսդրությամբ, ե՛ւ տեխնիկապես։ Հիմա Հայաստանը դա չի անում։ Եթե ինչ-որ քաղաքացիներ ցանկություն ունեն գալ ու քվեարկությանը մասնակցել, բայց նյութապես դրա հնարավորությունը չունեն, այդտեղ իրականում պետության մտածելու խնդիրն է: Կրկնում եմ՝ եթե տեղերում ապահովեին, գուցե այս խնդիրը չառաջանար: Բայց ինչո՞ւ եք բացառում, որ ինչ-որ մարդիկ, իսկապես, ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին։ Եթե որոշները ֆինանսական խնդիրներ ունեն եւ ինչ-որ մարդկանց են խնդրել՝ ապահովել այդ հարցերը, ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնում, այլեւ տեսնում եմ, որ որոշակի մարդիկ բարի կամք են դրսեւորել եւ պետության բացթողումների արդյունքում առաջացած իրավիճակին փորձում են լուծում տալ»։ Ալումյանի համար ընդունելի չէ ընտրություններին միջամտելը, սակայն նկատում է, որ հենց արեւմտյան երկրները Հայաստանի հարցում իրենց չեզոք չեն պահում, բայց ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։
Ալումյանը չի բացառում, որ իշխանությունը բեմադրի կամ գտնի մարդիկ, որոնք հայտարարեն, թե իրենց ազատ ընտրական իրավունքի իրականացմանն են խոչընդոտել․ «Գուցե լինեն մարդիկ, որ գան, բացահայտ ասեն՝ ինձ ուղղորդել են, սա էլ ձեզ ձայնագրություն, բայց դրան տալ համընդհանուր, համակարգված երեւույթի տեսք... իրենք պետք է ոչ միայն կոնկրետ մարդկանց ու կոնկրետ դեպքեր մատնանշեն, այլեւ ցույց տան, որ երեւույթը կրել է զանգվածային բնույթ, եւ ովքեր էլ դա արել են, ուղղորդված են եղել հատուկ ծառայությունների կողմից, եթե ունեն նման մասշտաբի ապացույցներ, ուրեմն կարող են․․․ բայց մենք այս տարիներին շատ հայտարարություններ ենք լսել՝ Աջափնյակի մետրոյի կայարանից սկսած»։

Ինքը` Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե որ երկրի մասին է Քրիստինե Գրիգորյանի հիմնարկի հայտարարությունը, ինչու հստակ նշված չէ, լղոզեց․ «Կառավարության տեղեկություններն արտահայտված են Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է իրադրության արձագանքին, կարծում եմ՝ նախ իրավական գնահատական պետք է տրվի։ Բայց քաղաքական առումով իմ համոզմունքն է, եւ ես դրանում չեմ կասկածում, որ եթե այդպիսի իրավիճակ լինի, տեսականորեն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որեւէ կասկած չունեմ»։ Հարց է ծագում` բա էլ ինչի՞ եք այդպես խառնվել իրար:

 

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am