ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն Իրանի բնակչությանը նախազգուշացում է տվել այն մասին, որ իշխանությունները Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող քաղաքացիական նավահանգիստներն օգտագործում են միջազգային նավագնացությանը սպառնացող ռազմական գործողություններ իրականացնելու համար։
«Այդ գործողությունները վտանգում են անմեղ կյանքեր: Ռազմական նպատակներով օգտագործվող քաղաքացիական նավահանգիստները կորցնում են պաշտպանված լինելու իրենց կարգավիճակը և դառնում են օրինական ռազմական թիրախներ՝ համաձայն միջազգային իրավունքի», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է հայտարարության մեջ:
Զինվորականները կոչ են արել Իրանի քաղաքացիներին խուսափել բոլոր նավահանգստային կառույցներից, որտեղ գործում են Իրանի ռազմածովային ուժերը: Նավահանգստի աշխատողներին և առևտրային նավերի անձնակազմերին նույնպես խորհուրդ է տրվում խուսափել իրանական ռազմանավերից և ռազմական տեխնիկայից:
