Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարկել․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում։ Այդ հայտարարությունները հաջորդել էին մարտի 5-ին Նախիջևանի տարածքի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք Ադրբեջանի նախագահը որակել էր «ահաբեկչություն», և նշել, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։

Ալիևի այս կոշտ մեկնաբանությունները վերջին օրերին բուռն քննադատությունների են արժանացել թուրքական տեղեկատվական դաշտում։ «Ադրբեջանն Իսրայելի խամաճիկն է», «Ադրբեջանը մեր եղբայրը չէ․ նրանք սիոնիստներ են», «Մենք փրկեցինք ձեզ Ղարաբաղում» և նման արտահայտությունները վերջին օրերին գերիշխում են թուրքական մամուլում:

Լրագրող Շամիլ Թայարը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից է, Իլհամ Ալիևին հիշեցրել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ը, երբ Բաքվից Գրոզնի թռչող «AZAL» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խոցվել էր ռուսական հակաօդային հրթիռով։ Զոհվել էր 38 ուղևոր։ Ավելին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից։

«Ոչ ոք նրանց «անպատվաբեր» չանվանեց։ «Մենք ձեր գլուխները կկտրենք» սպառնալիքներ չհնչեցին։ Հիմա, երբ Իրանն ասում է, որ «մենք չենք արձակել հրթիռը», և միջադեպը դեռևս պարզաբանված չէ, ո՞րն է այս զայրույթի պատճառը։ Միակ պատճառը Իսրայե՞լն է»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում։

Tele2 Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թուրքական բանակի գեներալ Հալդուն Սոլմազթուրքը նշել է, որ սխալ է ասել, թե Ադրբեջանում որոշումները կայացվում են պետական մակարդակով, որովհետև Ադրբեջանը կառավարում է մեկ դինաստիա։ Ըստ նրա՝ Ադրբեջանում կա միանձնյա ղեկավարում, որն էլ Իսրայելի և Միացյալ Նահանգների դաշնակիցն է։

«Ինչ նրան ասեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այդպես էլ կլինի։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, որևէ որոշում չի կայացնում։ Որոշումները կայացվում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համաձայնեցված»,- հայտարարել է նա։

Թուրք պատմաբան, ակադեմիկոս Ահմեդ Շիմշիրգիլը գրել է, թե Ալիևն Իսրայելի ստրուկն է դարձել. անհնար է հասկանալ Ալիևին. «Արդյո՞ք նրա սերը սիոնիստական Իսրայելի նկատմամբ իսկապես այսքան ուժեղ է։ Ավելին ասել անգամ չեմ ուզում։ Հաշվի առնելով նրա դիրքորոշումն ու հայտարարությունները Գազայում` շատ ենք ափսոսում նրա համար։ Ակնհայտ է, որ նա ստրուկ է դարձել։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ նա որևէ օգուտ կբերի, եթե մենք պատերազմ սկսենք Իսրայելի հետ»:

Սոցցանցերի տարբեր օգտատերեր տարածում են Ալիևի լուսանկարները՝ «Նա Նեթանյահուին սիրում է նույնիսկ ավելի, քան՝ սիոնիստները» մեկնաբանությամբ։

«Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն Իսրայելի խաղաքարն է։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա՝ Ալիևի հրաժարականը պահանջելու համար։ Ալիևը ցանկանում է օգտագործել ադրբեջանցի թուրքերին՝ Իրանի դեմ պայքարելու համար, Իսրայելի և Ամերիկայի շահերի համար։ Մի՛ ընկեք այս խաղի մեջ»,- «X»-ում գրել է թուրք օգտատերերից մեկը:

Ըստ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ և փաստաբան Մյուջահիտ Բիրինջինի՝ թուրքերը հանդուրժել են Ալիևի՝ Իսրայելի նկատմամբ ցուցաբերած համակրանքը Գազայում տեղի ունեցած ողջ դեպքերի ընթացքում։ «Նա մատ է թափ տալիս բոլորի վրա և փորձում է համաշխարհային պատերազմ սկսել անօդաչու թռչող սարքերի շինծու միջադեպի պատճառով։ Թվում է, թե բաժակը լցվել է…»,- գրել է նա ։

Իշխանամետ, հայտնի թուրք լրագրող Իբրահիմ Քարագյուլին էլ իր կարծիքն է հայտնել, թե Իսրայելն անհավանական ճնշում է գործադրում և դավադրություն է կազմակերպում՝ Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Նախագահ Ալիևին իր խոսքն է ուղղել Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլին՝ նշելով, թե Ալիևը հնարավորություն է փնտրում՝ միանալու Իսրայելին այս պատերազմում։ «Նախ թող վերջ դնի իր և իր ընտանիքի կոռուպցիային և բռնակալ կառավարմանը»,- հայտարարել է նա։

Թուրքական լրատվական դաշտում Ադրբեջանի ու հատկապես՝ Ալիևի հասցեին հնչեցրած բացասական մեկնաբանությունները ստիպել են, որ իրավիճակին միջամտի Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նախագահականին կից հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո նկատվել է, որ որոշ հարթակներ, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը, տարածում են չափազանց քննադատական, ապատեղեկատվական և սադրիչ գրառումներ, որոնք ուղղված են թուրք-ադրբեջանական հարաբերություններին և հենց Ադրբեջանին»։ Հիշեցնելով, որ երկկողմ հարաբերությունները գլխավորում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և դա իրականացվում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Կենտրոնը հանրությանը խնդրում է ավելի զգույշ լինել հայտարարություններ, ապատեղեկատվություն տարածելիս, քանի որ դրանք կարող են վնասել «եղբայրությանը»։

Ըստ սոցցանցերում տարածված գրառումների՝ Թուրքիայում Իլհամ Ալիևին քննադատելու համար որոշ օգտատերեր ձերբակալվել, հարցաքննվել են։

Ի պատասխան Անկարայից հնչող մեղադրանքների՝ գործին են անցել Բաքվի իշխանական քարոզչամեքենան և լրատվամիջոցները։

«Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր, Միլլի մեջլիսի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևն Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու մեջ մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։

«Ցավոք, մեր հասարակություններում նախկինում և այսօր էլ գոյություն ունեն ուժեր, որոնք թաքցնում են իրենց նպատակները տարբեր անունների տակ, և փորձում են իրականացնել իրենց կեղտոտ մտադրությունները… Փաստ է, որ Ադրբեջանում կան խմբեր, որոնք գործել են Թուրքիայի դեմ։ Սակայն, նրանց կեղտոտ գործունեությունն արդյունավետորեն կանխվել է»,- հայտարարել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Թուրքիայում տարբեր խմբեր այսօր հետևողականորեն և բացահայտորեն շարունակում են իրենց հակաադրբեջանական գործունեությունը։ Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ թուրքական մեդիա դաշտում ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել։ Որպես օրինակ՝ նա նշում է թուրքական առաջատար մեդիա հոլդինգներից մեկի՝ «Turkuvaz»-ի հրապարակումները։ Պատգամավորն ընդգծում է, որ այս հոլդինգը պարբերաբար զրպարտչական արշավ է վարում Ադրբեջանի դեմ, միտումնավոր վարկաբեկում է Ադրբեջանը, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին։

««Turkuvaz» խմբի ղեկավար Բերաթ Ալբայրաքը նախագահ Էրդողանի ընտանիքի անդամն է (խմբ․՝ Էրդողանի ավագ դստեր ամուսինն է)։ Այս մարդը ժամանակին Թուրքիայի նախագահի կողմից հեռացվել է բոլոր պաշտոններից՝ լուրջ խախտումների համար։ Սակայն, նույնիսկ Էներգետիկայի նախարար եղած ժամանակ նա հակաադրբեջանական խմբավորումների առաջնագծում էր։ Այսօր նա դեռևս նույն նպատակներով օգտագործում է իր հզոր ազդեցությունը թուրքական հասարակական կարծիքի վրա։ Զարմանալի չէ, որ «Turkuvaz»-ի խումբն այսօր Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող արշավի առաջնագծում է»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը։

Նշենք, որ Մուսա Գուլիևի՝ «APA»-ին տված այս հարցազրույցը հեռացվել է լրատվականի կայքից, սակայն պահպանվել է ընդդիմադիր աղբյուրներում։

Այս տեղեկատվական փոխհրաձգությունը մի փոքր դրվագ է Թուրքիա-Ադրբեջան շահերի բախումից։ Կարող ենք ընդգծել, որ չնայած «եղբայրական» սիրուն՝ թուրք լրագրողների, հասարակական գործիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարայում աճում է դժգոհությունն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։

Թեև Բաքվի իշխանական քարոզչամեքենան փորձում է մեղադրանքները վերագրել Թուրքիայի ներսում գործող ուժերին՝ այդպիսով պաշտպանելով Ալիևի դիրքորոշումը, այնուամենայնիվ այս զարգացումները վկայում են, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, այլև վտանգում է նրա հարաբերությունները հիմնական դաշնակից Թուրքիայի հետ։

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am