«Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգը փոքրուց եղել է շատ խելացի, ամեն ինչում շատ չափավոր։ Սիրված երեխա է եղել ամենուր՝ ընտանիքում, դպրոցում, շրջապատում։ Գևորգը լույս էր։ Ե՛վ հանգիստ երեխա էր, և՛ աշխույժ։ Նա ամեն ինչում կար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Գևորգը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ դպրոց է հաճախել։ Սովորել է 156 հիմնական, այնուհետև՝ թիվ 195 ավագ դպրոցում։ «Գևորգը շատ պարտաճանաչ է եղել։ Դպրոցական բոլոր առարկաներն իր համար հավասար էին, նա պետք է բոլոր դասերը սովորած դպրոց մտներ։ Շատ ընդունակ էր և նաև պատասխանատու ու պարտաճանաչ։ Հատուկ սիրելի առարկա չուներ։ Երբ սկսեց լրացուցիչ պարապել, իսկ պարապում էր «Ֆիզիկա» առարկան, մի անգամ ասաց. «Մա՛մ, ես չգիտեի, որ ֆիզիկան այսքան հետաքրքիր է ինձ համար»։ Սովորելու հետ մեկտեղ իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը։ Որոշ ժամանակ հաճախել է ֆուտբոլի։ Դպրոցի դաշտում մեծահասակները ֆուտբոլ էին խաղում, կիրակի օրերն առավոտյան Գևորգն էլ էր պարտադիր գնում իրենց հետ խաղալու։ Երբ ասում էի՝ Գևորգ ջան, վախենում եմ, գուցե խաղի ընթացքում վնասվես, տղայիս արձագանքն էր. «Չէ, մա՛մ, ես իրենց հավասար խաղում եմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո Գևորգն անվճար հիմունքներով ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 16-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Նախընտրեց իր հասակակիցների հետ ծառայել։ Ասում էր. «Չորս-հինգ տարի հետո, երբ գնամ ծառայության, ավելի կրտսերների հետ ինձ հետաքրքիր չի լինի»։ Շատ հասուն մտածելակերպ ուներ։ Ընկերություն էր անում տարիքով ավելի ավագների հետ։ Գևորգից մեծերը երբեմն անգամ կարող էին իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերի հետ կապված։ Դրա համար նախընտրեց ծառայել, հետո շարունակել ուսումը։ Գևորգն ընտրել էր տրանսպորտի բաժինը, բայց երբ ծառայում էր, զրույցների ժամանակ ասում էր. «Մա՛մ, որոշումս փոխել եմ, երբ զորացրվեմ, բաժինս փոխելու եմ, ուզում եմ հաշվապահություն սովորել»»։


Գևորգի ծառայության առաջին ամիսներն անցել են Լուսակերտում, այնուհետև նա տեղափոխվել է Դիլիջանի զորամաս։ Գևորգը եղել է կրտսեր սերժանտ, Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի 1-ին հաշվարկի հրամանատար։ «Երբեք չի դժգոհել բանակից, շուտ ինտեգրվում էր ցանկացած շրջապատում։ Ե՛վ Լուսակերտի, և՛ Դիլիջանի զորամասերում նա շատ սիրված է եղել թե՛ իր ծառայակիցների, թե՛ սպայական կազմի կողմից։ Երբ իրեն հարցնում էի՝ Դիլիջան տեղափոխվեցիր, տեղդ ո՞նց է, Գևորգս արձագանքում էր. «Մա՛մ, կարծես այստեղ ծնված լինեմ, այս օդ ու ջրի մարդ լինեմ, ինձ ամեն ինչ հարազատ է»։ Արմատներով իջևանցի են։ Իր տատիկը միշտ ասում էր՝ երանի Գևորգս Դիլիջանում ծառայի, տանն էլ միշտ այդ մասին խոսել ենք։ Երբ վիճակահանությամբ ընտրեց Լուսակերտի, հետո Դիլիջանի զորամասերը, բոլորս ուրախացել էինք, Գևորգն էլ ասաց. «Տատի՛, դու ո՞նց իմացար, որ Դիլիջանում եմ ծառայելու»։ Նման զուգադիպությունն ուղղակի զարմանալի էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 7-ը իր հետ անընդհատ կապի մեջ էինք։ Մեզ ասում էր, որ իրենց տարել են Իջևանի դիրքերը։ Այնտեղի մեր բարեկամները հետաքրքրվում էին Գևորգից, բայց իրեն ոչ մի տեղ չէին գտնում։ Զանգեցի Գևորգին, երբ իրենց արդեն տեղափոխում էին Գորիս։ Ճանապարհին էին։ Խոսում էինք, մեքենայի աղմուկը շատ էր։ Հարցրեցի՝ Գև ջան, մեքենայի մե՞ջ եք, այս ի՞նչ աղմուկ է, ասաց. «Մա՛մ, զորամասի դիմացն են ասֆալտապատում, տրակտորի ձայնն է բարձր լսվում»։ Այդպես էլ մեզ չասաց, որ մեկնում են մարտի դաշտ։ Իրենց տարել էին Գորիս, իսկ հոկտեմբերի 7-ին՝ Ջրական։ Իր հետ այլևս կապ չի եղել»։ Պատերազմի դաշտում Գևորգը զինակից ընկերների հետ ոչնչացրել է թշնամու տեխնիկայի մի քանի միավոր։

Հոկտեմբերի 10-ին է զոհվել Գևորգը Ջրականում անօդաչուի հարվածից։ Հոկտեմբերի 16-ին Գևորգի հուղարկավորությունն էր։ «Ընկերներն իր մարմինն իջեցրել էին, դրա համար Գևորգիս երկար չենք փնտրել»։

Ապրելու ուժի մասին։ «Եռաբլուրում նստած՝ միշտ մտածում եմ այդ մասին։ Երբեք չեմ մտածում, որ չկա Գևորգս։ Այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է։ Ես իրեն սպասել եմ ու սպասում եմ։ Ապրում եմ Գևորգիս հիշատակը վառ պահելու համար։ Հիմա ինձ ուժ տվողը աղջիկս է։ Յուրահատուկ որդի էր Գևորգը, նույնպիսի՝ եղբայր։ Աղջիկս մինչև հիմա չի համակերպվում եղբոր կորստի հետ։ Ծանր է մեզ համար, երբեմն բառերն անգամ չեն բավականացնում, որ նկարագրեմ Գևորգին։ Ամեն ինչում ուշադիր էր, իր մտածելակերպը շատ հասուն էր, որևէ տարիքում նա իր այդ տարիքին համապատասխան չի մտածել, միշտ ավելի առաջ է եղել։ Ավագ դպրոցում ուսուցիչները Գևորգի ընկերներն էին, փոխտնօրենը Գևորգիս հետ ընկերություն էր անում։ Մինչև հիմա էլ, որտեղ ինձ հանդիպում է, աչքերն անմիջապես լցվում են»։

Թիվ 195 ավագ դպրոցում բացվել է Գևորգ Օթարյանի անվան ֆիզիկայի դասասենյակ, իսկ դպրոցի բակում տեղադրվել է խաչքար-հուշարձան։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am