Գործ ունենք հիմնարար նշանակությամբ պատերազմի հետ. այն կբերի շատ ավելի խորը փոփոխություններ. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Փորձենք միջանկյալ կտրվածքով ի մի բերել մի քանի հանգամանք՝ Իրանի պատերազմի շուրջ: Ընդ որում, հերթականությունը պայմանական է, այլ ոչ ըստ առաջնահերթության կամ կարեւորության:
.նավթի գների աճ, շարունակման միտումով: Շահառուներ՝ Ռուսաստան, ԱՄՆ: Վնաս կրողներ՝ Ծոցի արաբական երկրներ, բացառությամբ Սաուդյան Արաբիայի, Չինաստան, Հնդկաստան: Չինաստանի դեպքում իհարկե խոսվում է մեծ ծավալի պահուստավորված նավթի մասին, որը թույլ կտա Պեկինին ունենալ որոշակի անվտանգության բարձիկ: Միաժամանակ, թե Հնդկաստանի, թե Չինաստանի համար շահավետ գնով մատակարար կարող է լինել Ռուսաստանը, իհարկե քաղաքական կամ ռազմա-քաղաքական, տեխնոլոգիական «բոնուսների» շնորհիվ: Առավել վնաս կրողը՝ Եվրոպա, որի համար էներգակիրների գների բարձրացման նոր ալիքը լինելու է տնտեսական նոր շոկի պատճառ:
.Ծոցի արաբական երկրների իմիջի շոշափելի անկում: Այդ երկրնեըը տասնամյակներով դիրքավորվել են իբրեւ խաղաղ, կայուն, անվտանգ, համաշխարհային թոհուբոհի պայմաններում բալանսավորված վարքագծի ունակ դերակատարներ, ինչը դարձել է բիզնեսի տեսանկյունից նրանց գրավչության կարեւորագույն նախապայման: Ներկայումս այդ իմիջը զգալիորեն խարխլված է:
.Միացյալ Նահանգներում մի կողմից նավթագազայյին ու ռազմաարդյունաբերական խաղացողների ոգեւորություն, մյուս կողմից ներքաղաքական «կարդիոգրամի» հնարավոր շոշափելի փոփոխություններ, ոչ միայն հենց դեմոկրատներ-հանրապետականներ ծիրում, այլ նաեւ Թրամպի վարչակազմի ներսում թեւերի միջեւ: Վերստին ուշադրության արժանացննեմ այս անցնող գրեթե տասնօրյակի ընթացքում փոխնախագահ Վենսի՝ ստվերում լինելը:
.Իրանին ԱՄՆ ու Իսրայելի հարվածը գործնականում մեկընդմիշտ հանում է միջազգային հարաբերությունների կարմիր գծերն ու թողնում լոկ միջուկայինը: Միջուկային տերությունների համար սա ըստ էության ձեռքերի «օպերատիվ-մարտավարական» ազատ արձակում է, իսկ հավակնոտ դերակատարների համար՝ միջուկային հավակնությունների «փաստարկ», այդ թվում՝ Իրանի:
.Իրանի կառավարող համակարգի ներսում պահպանողականների դիրքերի վերականգնում: Այսպես կոչված ռեֆորմատորական թեւը թերեւս երկար ժամանակ Իրանում այլեւս չի ունենա էական քաղաքական հեռանկար, եթե պահպանվում է Իրանում կառավարող ստատուս-քվոն:
Կետերն իհարկե հնարավոր է շարունակել, բացել տարբեր ենթակետերով, որովհետեւ գործ ունենք իսկապես հիմնարար նշանակությամբ պատերազմի հետ: Ավելին, քան չորս տարի ձգվող ուկրաինական պատերազմը: Ինչքան կձգվի պատերազմն Իրանի շուրջ, բնականաբար մենք չենք կարող ասել, բայց անգամ չորս շաբաթ ձգվելու պարագայում այն կբերի շատ ավելի խորը փոփոխությունների կամ միջազգային ազդեցության, քան ուկրաինական պատերազմի չորս տարիները»:
