ԻՀՊԿ-ն հավատարմության երդում է տվել Իրանի նոր հոգևոր առաջնորդին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակել, թե ինչպես է Իրանի ժողովուրդը ցնծում և տոնում նոր առաջնորդի ընտրությունը։
Երեկոյան փողոցներում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Նրանք բարձրաձայն վանկարկում են և թափահարում դրոշները։
Նշենք, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը սպանված այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդին է։
Հանգուցյալ Խամենեին, որն Իրանը ղեկավարել է 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։
Նոր առաջնորդի ընտրությանն անդրադարձել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)՝ հայտարարելով, որ հետապնդելու է Խամենեիի ցանկացած ժառանգորդի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը «երկար չի դիմանա» առանց ԱՄՆ-ի հավանության։
