Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշում ե՞ք, որ այս կառավարությունը հայկական արբանյակի թեման դարձրել էին դրոշակ, ու ով չէր ալարում ինքնահաստատվում էր այդ թեմայով:
Մի քանի տարի առաջ մեծ շուքով հայտարարեցին առաջին հայկական արբանյակի՝ ArmSat-1 գործարկման մասին։
Որպես հիշեցում, նշեմ, որ Արբանյակը տիեզերք արձակվեց SpaceX ընկերության հրթիռով, իսկ ծրագրի իրականացումը կապվում է Geocosmos ընկերության հետ։
Իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով դարձել, էին տիեզերաբան, արբանյակագետ ու նշվում էր, որ այն կիրառվելու է սահմանների վերահսկողութան, գյուղատնտեսության զարգացման, քարտեզագրության, արտակարգ իրավիճակների կառավարման համար:
Իսկ հետաքրքական է` ո՞վ է վճարել դրա համար, դե բնականաբար, պետական բյուջեն,
այսինքն՝ Հայաստանի հարկատու քաղաքացիները, որոնք հերոսի կոչում ստացան:
Տարբեր տվյալներով ծրագիրը արժեցել է մոտ 7 միլիոն դոլար, բայց հետաքրքիր է ի՞նչ կոնկրետ արդյունք է տվել այդ արբանյակը Հայաստանի անվտանգությանը, ի՞նչ տնտեսական օգուտ է ստացել երկիրը, քանի՞ պետական ծրագիր է իրականում օգտագործում դրա տվյալները և ամենագլխավորը` ու՞ր է հանրային հաշվետվությունը այդ կապակցությամբ:
Արբանյակը նախատեսված է մոտ 4 տարվա աշխատանքի համար։ Այսինքն՝ ժամանակն արդեն անցնում է, բայց հասարակությունը իրենց լեզվով ասած` ժողովուրդը չգիտի, թե ինչ է իրականում արվում այդ համակարգով։ Եթե նախագիծը ֆինանսավորվել է հարկատուների գումարով, ապա նույն հարկատուները լիարժեք իրավունք ունեն իմանալու, թե պետական այս ծրագիրը ի՞նչ օգուտ է տվել Հայաստանին ու «ՀՀ հպարտ քաղաքացուն»»։
