Մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին. Արթուր Սարգսյանը՝ դատարանում
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավոր Կարեն Ֆարխոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախորդ դատական նիստում, երբ երկարացվեց իր տնային կալանքը 3 ամսով, իրեն խոսքի իրավունք դատավորը չտվեց։
«Միգուցե ինձանից եք վախենում, ասեմ, դրա կարիքը չկա, բայց դուք վախենում եք ոչ թե ինձանից, այլ իմ ճշմարիտ խոսքից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հայտարարեց, որ դատավորը սահմանափակել է իր տեղաշարժը, սակայն չի կարող սահմանափակել իր սկզբունքները, տեսակը. «Չեք կարող սահմանափակել էն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Ես պայքարել եմ, կլինեմ բանտում, փողոցում, թե այլուր, պայքարը շարունակելու եմ, որպես սյունեցի ես չեմ ծնկելու, առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին»,-ասաց Ա. Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարանը սահմանափակել է նաև իր ընտրողները կամքն ու իրավունքը։
Կարեն Ֆարխոյանն ասաց՝ որևէ մեկից չի վախենում։
«Առավել ևս ձեզանից կամ որևէ այլ անձից»,-ասաց Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
