Փաշինյանը կրքեր է բորբոքում
Մի միտք կա, որ գիտեմ, կրքեր է բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես մտածում եմ, թե ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա արդեն մարտ–ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու հարցը։
Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգ է փոխվելու, և այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տրված արդյունքների հետ։
Ես համոզված եմ, որ գործոններից մեկը, որը բերել է 2 տոկոսով ավելի մեծ տնտեսական աճի, բերել է նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգ ն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։
Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև։ Ուզում եմ ընդգծել, որ 2025 թվականի բյուջեով 6.5 միլիարդ պահպանման ծախսերը, որ էլի տրվում էր պետական համակարգին, կրճատեցինք, ռեզերվ արեցինք, որից 3.5 մլրդ–ը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելուն և հիմա 78 միլիարդ դրան շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին։
Ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառը հետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս, կներեք, պեռաշկի ուտել, որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա, և ես կարիք չունեմ ամբողջ գիշերը ասել՝ տեսնես այն մեկը ինչ է անում»,–ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ վարչապետը պետք է խնդիրները դնի, համակարգը պետք է դա անի. «Քաղաքական են էդ խնդիրները։ Այդպես է եղել առողջության ապահովագրության համակարգի ներդրման դեպքում։ Ես մեր գործընկերներին հրավիրել եմ, ասել եմ՝ հունվարի մեկից պետք է առողջության ապահովագրության համակարգը լինի։ Ես իմացել եմ, որ համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել»։
NEWS.am
