Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները դիվանագիտական խողովակներով կապ են հաստատել հայաստանյան հանրային-քաղաքական գործիչների և փորձագետների հետ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը Իրանի շուրջ ստեղծված պատերազմական իրավիճակում ՀՀ իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատան ներկայացուցիչները հանրային գործիչներին են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեսպանատուն կատարած այցի լուսանկարը և նրբանկատորեն հետաքրքրվել, թե ինչո՞ւ նմանատիպ քայլ չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը: Այս գործողությամբ իրանական կողմը, ըստ էության, իր դժգոհությունն է հայտնում հարևան երկրում ընթացող պատերազմի ֆոնին Փաշինյանի ցուցաբերած պասիվ դիրքորոշման առնչությամբ:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում կատարել սգո մատյանում:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հարվածային գործիքներ էր նվագում՝ կից գրառմամբ. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»: Այս տեսանյութը համացանցում բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել:
