Թե ինչպես «սպառնացող» Ալիևը գլուխը կախ գնաց Ժնև
2017 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խիստ կարևոր տարի էր: Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացն, ըստ էության, փակուղում էր հայտնվել: Ալիևի կամակորությունը, սակայն, երկար չտևեց. նա ստիպված վերադարձավ բանակցությունների սեղանին: Օգոստոսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբում իր աշխատանքն ավարտեց ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Աշխատանքն ավարտելուց առաջ Հոգլանդը լրագրողներին ներկայացրեց մի փաստաթուղթ, որտեղ, շարադրված են Մադրիդյան սկզբունքների վեց տարրերը: Դրանում, մասնավորապես, ասվում էր. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի: Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում: Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որևէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը, և ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ: Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր: Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որևէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը: Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչև այժմ կատարված աշխատանքի վրա»: Սեպտեմբերի կեսին ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը շեշտեց, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, և որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել: «Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները», - ընդգծել է Շեֆերը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին մասնակցում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահը շուրջ 15 րոպե շարունակված ելույթի ամենածավալուն հատվածը նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց` կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ», - փաստեց Հայաստանի նախագահը: Վերստին ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Սերժ Սարգսյանն առանձնացրեց երկու նախապայման` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն ու անվտանգության ապահովումը: «Մնացած հարցերն ածանցյալ են և կլուծվեն խնդրի կարգավորմանը զուգահեռ», նշեց նա: «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»: Իսկ Իլհամ Ալիևն ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթը սկսեց ԼՂ խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն: Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին»: Անցած տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիևը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական հորդորները՝ ռազմական հռետորաբանությունից խուսափելու մասին, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց՝ հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել: Ընդհանուր առմամբ, շուրջ 15 րոպե շարունակված ելույթը լի էր հայկական կողմի ու Հայաստանի նախագահի հասցեին մեղադրանքներով՝ բռնապետությունից մինչև ֆաշիզմ: Քննադատության որոշ չափաբաժին էլ հասավ միջազգային համայնքին՝ երկակի չափանիշներ կիրառելու և Հայաստանի նկատմամբ մեղմ քաղաքականություն բանեցնելու համար: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումը օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է», - նշեց Ալիևը: Կոռուպցիայի ու մարդու իրավունքների ոտնահարման մասին իրավապաշտպանների ու միջազգային կազմակերպությունների շարունակական ահազանգերին ի հակառակ՝ Ալիևը հավաստիացրեց՝ Ադրբեջանը ժամանակակից, կայուն ու ժողովրդավար երկիր է: - «Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը», նշեց Ադրբեջանի առաջնորդն՝ այդպես էլ չանդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը՝ լրագրողներին ազատազրկելու, ընդդիմախոսներին բռնի ճնշելու, բռնապետական կառավարումն ամրապնդելու վերաբերյալ: Չնայած ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներով ելույթին, մի քանի շաբաթ անց Ալիևն, ինչպես ասում են՝ «գլուխը կախ» եկավ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների: Հոկտեմբերի սկզբին Բաքվում ավարտելով իրենց տարածաշրջանային այցը՝ Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սարգսյան-Ալիև հանդիպում կայացել էր 2016-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այսպես, հոկտեմբեր 16-ին Ժնևում կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ ու ներկայությամբ ընթացած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձնազրույց ունեցան: Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվեցին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը: Շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցություններից հետո, հանդիպելով շվեյցարահայ համայնքին, Հայաստանի նախագահը պնդել է՝ Ալիևը ևս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չարձանագրվեն: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: Կեսօրից Ժնևում սկսված բանակցությունները նախ մեկնարկեցին ընդլայնված կազմով՝ համանախագահների ու երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, հետո արդեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպումը շարունակեցին դեմ առ դեմ ձևաչափով: Ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռ մանրամասներ չի հաղորդում, Հայաստանի նախագահը, սակայն, վերստին հայտարարել է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից դուրս: «Մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», - ըստ նախագահական նստավայրի, շվեյցարահայերի հետ հանդիպմանը նշեց Սերժ Սարգսյանը: Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Ավելին, ամիսներ շարունակ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: «Որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը, անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ կանեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդը, մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում, անիմաստ են բանակցությունները: Մենք բանակցություններ սկսենք էնտեղ, զինվորականները էստեղ՝ պատերազմ», - ապրիլյան պատերազմից օրեր անց Bloomberg-ի հետ զրույցում ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Թամար Բագրատունի