Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար
Մեծ Բրիտանիան պլանավորում է նավ ուղարկել Կիպրոս՝ ռազմաօդային ուժերի «Ակրոտիրի» բազան Իրանի գրոհներից պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Times-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի։
Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է HMS Duncan էսկադրային ականակիրը տարածաշրջան ուղարկելու հարցը։
Ըստ թերթի տվյալների՝ Մեծ Բրիտանիան ներկայում հնարավորություն չունի Կիպրոսը պաշտպանել բալիստիկ հրթիռների հարվածներից, և մտավախություն կա, որ կղզին կարող է խոցելի լինել Իրանի կողմից հետագա գրոհների համար։
Անօդաչու թռչող սարքը հարվածել էր Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի «Ակրոտիրի» ռազմաբազային մարտի 2-ի կեսգիշերից կարճ ժամանակ անց։ Պատճառվել էր աննշան նյութական վնաս։ Մարտի 2-ի ցերեկը բրիտանական ռազմական ինքնաթիռները խափանել են ևս երկու ԱԹՍ։ Միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին թույլ տվեց օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող բրիտանական ռազմաբազաներն Իրանին հարվածների համար։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կիպրոսի իշխանությունները որոշում են ընդունել տարհանել մարդկանց Պաֆոս քաղաքի օդանավակայանի ուղևորային տերմինալից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ևս ռազմանավ կուղարկի Կիպրոս։
