Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել
Եվրոպայում բնական գազի սփոթ գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով, քանի որ իրանական հարվածներից հետո Կատարը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրությունը, հայտնում է Euronews-ը։
Եվրոպական գազի բազային գինը, որը վաճառվում է հոլանդական TTF գազային հանգույցում, օրվա ընթացքում աճել է գրեթե 45%-ով՝ հասնելով մոտ 46 եվրոյի՝ մեկ մեգավատ-ժամի դիմաց։ Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել են նաև բնական գազի գները։
Միաժամանակ, 2023 թվականից ի վեր առաջին անգամ, Եվրոպայում գազի բորսայական գինը գերազանցել է 650 դոլարը։
Գների կտրուկ աճը հաջորդել է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, ինչը էլ ավելի է սրել համաշխարհային էներգամատակարարման համար առանցքային նշանակություն ունեցող տարածաշրջանում առկա լարվածությունը, ինչից հետո Իրանը ձեռնարկել է պատասխան գործողություններ:
Երկուշաբթի առավոտյան QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ իր օբյեկտների վրա իրականացված հարձակման պատճառով դադարեցրել է «Հյուսիսային հանքավայրում» իրականացվող սեղմված բնական գազի արտադրությունը: Ընկերությունը, սակայն, հստակ մանրամասներ չի հայտնել ձեռնարկության աշխատանքի խափանման աստիճանի մասին:
Համաշխարհային էներգակիրների զգալի մասը մատակարարվում է Մերձավոր Արևելքից, և դեռևս մինչև Կատարի այս հայտարարությունը՝ նավթի ու գազի ծովային փոխադրումները եղել են շուկայի մասնակիցների հիմնական մտահոգությունների կենտրոնում:
Հորմուզի նեղուցը, որը նեղ ծովային միջանցք է և մեծապես վերահսկվում է Իրանի կողմից, նավթի և գազի (ներառյալ՝ կատարական արտահանման) մատակարարման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկն է: Հասցված հարվածներից հետո Իրանն անցել է նեղուցով երթևեկության արգելափակմանը, ինչն էլ ավելի է մեծացրել մատակարարումների ընդհատման վերաբերյալ մտավախությունները։
Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20%-ը և հում նավթի ծովային առևտրի 38%-ը: Մատակարարումների տևական ընդհատումները կարող են հարվածել Կատարից ստացվող սեղմված բնական գազի (ՍԲԳ) ծավալներին, որին բաժին է ընկնում Եվրոպա ներկրվող գազի 12–14%-ը: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ՍԲԳ մատակարարումների մեկ երրորդն անցնում է հենց Հորմուզի նեղուցով:
Ջեռուցման սեզոնի ավարտին զուգահեռ՝ ԵՄ ստորգետնյա պահեստարանները ներկայումս լցված են իրենց հզորության 30%-ից պակաս չափով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում է մոտ 40%:
Ամենախոցելի վիճակում են հայտնվել Եվրոպական միության երկու խոշորագույն տնտեսությունները՝ Գերմանիան և Ֆրանսիան:
Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են եղել ընդամենը 20,5%-ով, իսկ Ֆրանսիայինը՝ 21%-ով:
