Պուտինը, Արևմուտքի պատժամիջոցներն ու միջուկային պատերազմի սպառնալիքը

Կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններն անցած 2017-ին ամենաբարդն էին: Չնայած Ռուսաստանի ուղղությամբ որոշ եվրոպական երկրների ղեկավարների ռևերանսներին, այնուամենայնիվ, պահպանվեց Ռուսաստանի կողմից վարվող կոշտ քաղաքականությունը: Մարտին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որով պատժամիջոցներ էր սահմանում Ղրիմում ռուսական ագրեսիայի պատճառով: Բանաձևում ասվում էր, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Ուկրաինայի ժողովրդավարացման և բարգավաճման, նրա տարածքային ամբողջականության, Ղրիմից ռուսական զորքերի դուրս բերման հարցում, բացի այն զորատեսակներից, որոնց ներկայությունը սահմանված է 1997թ. համաձայնագրով: Ապա, ԱՄՆ Կոնգրեսը հուլիսին հրապարակեց Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը: ԱՄՆ Սենատը հունիսի 15-ին հաստատել էր օրինագիծը, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի և Իրանի դեմ: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետը կրճատել մինչև 14 օր, նավթագազային ընկերություններինը՝ մինչև 30 օր: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել անձանց դեմ, ովքեր մտադիր են ռուսական արտահանման խողովակաշարերի շինարարության մեջ ավելի քան 5 մլն դոլար ներդրում անել մեկ տարում կամ 1 մլն դոլար միանգամից: Միաժամանակ, ԱՄՆ-ը շարունակում էր հակազդել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Անցյալ տարի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն արդեն սկսում է սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների և անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների և անձանց հետ «էական գործարքներ» կունենան: Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց և ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են հանդիսանում և որոնց հետ գործարքը կարող է հանգեցնել պատժամիջոցների. «Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարգադրել է Պետքարտուղարությանը հանրության համար ուղեցույց մշակել, որտեղ թվարկված կլինեն անձինք և ընկերություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության անվտանգության կամ հետախուզական ոլորտների մասն են»: The New York Times թերթի կողմից հրապարակված ցուցակի նախնական տարբերակում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ ռուսական ընկերություն, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյ ընկերությունը, Կալաշնիկով և Ուռալվագոնզավոդ զենքի արտադրողները, ինչպես նաև Սուխոյ և Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաները: Նյուերթի խոսքով, ամբողջական ցուցակը հրապարակվելու է մոտ ապագայում, իսկ մինչ այդ, այն ներկայացվել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներին: Հիշեցնենք, հենց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պարտավորվել է պարբերաբար ներկայացնել Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, որոնց հետ սերտ համագործակցության համար ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ կամ ընկերություններ կարող են պատժամիջոցների ենթարկվել: «2018-ի հունվարի 29-ից օրենքը կպահանջի, որ պետքարտուղարը որոշակի պատժամիջոցներ ընդունի ընկերությունների դեմ, որոնք նախապես տեղյակ լինելով, էական գործարքներ կկնքեն ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հետ»: Ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, պատժամիջոցներից կարող են խուսափել այն անձինք և ընկերությունները, որոնց գործարքները նշված ցուցակի ներկայացուցիչների հետ ուղղված են լինելու միայն քաղաքացիական նպատակներով օգտագործման և ԱՄՆ-ի շահերին չհակասող նպատակներով: Պուտին-Թրամփ հարաբերությունները չստացվեցին Չնայած ԱՄՆ նախագահի կողմից Պուտինի հասցեին բավական զուսպ հայտարարություններին, այնուամենայնիվ Թրամփ-Պուտին հատուկենտ շփումները հիմք չդարձան էական բանակցությունների համար: Նրանց շփումների որակի մասին տարածվում էին նույնիսկ զարմանալի խոսակցություններ: ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանն օրինակ նշել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ինչ-որ պատճառով վախեցած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նրանց վերջին զրույցի ժամանակ։ «Ռուսների հետ հարաբերություններում Թրամփին ղեկավարում է կա՛մ պարզամտությունը, կա՛մ անտեղյակությունը կա՛մ վախը»,-նրա խոսքերն է մեջբերում CNN-ը։ Հեռուստաալիքի եթերում ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Կլեպերը մեկնաբանել է վիետնամական Դանանգ քաղաքում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ Պուտինի հետ զրույցի արդյունքներով Թրամփի հայտարարությունը։ Կլեպերը նշել է, որ այժմ «և՛ ռուսները, և՛ չինացիները մտածում են, որ կարող են ազդել» Թրամփի վրա։ Նա Ռուսաստանն անվանել է «ակնհայտ սպառնալիք»։ Իր հերթին Թրամփն էլ մի առիթով, աշնանը նշեց, թե Պուտինը նեղացած է ԱՄՆ ընտրություններին միջամտության մեղադրանքներից: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «երկու-երեք» կարճ զրույց էին ունեցել: Թրամփի խոսքով՝ «իրենց միջև ջերմ զգացմունքներ են մնացել»: Թրամփը պատմել էր, թե Պուտինին նորից հարցրել է՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին: «Նա ասաց, որ բացարձակապես հաստատ չի միջամտել մեր ընտրություններին: Նա չի արել այն, ինչ նրանք ասում են: Ամեն անգամ, երբ նա ինձ տեսնում է, ասում է. «Ես դա չեմ արել»,- ասել է Թրամփը:- Եվ ես իսկապես հավատում եմ, որ նա իսկապես այդպես է կարծում: Կարծում եմ՝ նա դրանից շատ վիրավորված է, ինչն այդքան լավ չէ մեր երկրի համար»: Թրամփն ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությունը համարել է խոչընդոտ երկրների հարաբերությունների լավացման համար: Պուտինը նշել է, որ միջամտության վերաբերյալ հետաքննությունը համարում է ԱՄՆ-ում «շարունակվող ներքաղաքական պայքարի դրսևորում»: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դահլիճը, որտեղ ընթացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ղեկավարների պատվին հանդիսավոր ընդունելությունը, լքել է նախքան դրա ավարտը: Ընթրիքի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները չեն շփվել: Թրամփը դահլիճից հեռացել էր նախքան ընդունելության ավարտը՝ հեռախոսով մի քանի անգամ լուսանկարվելով մյուս երկրների ղեկավարների հետ: Ընթրիքի ժամանակ Թրամփը, ինչպեսև Պուտինը, շփվել են ամենամոտ սեղանակիցների հետ: Պուտինը և Թրամփն իրար հանդիպել էին լուսանկարվելիս, ձեռքսեղմումով ողջունել միմյանց: Արևմուտքը անհանգստացած է ՌԴ ռազմական ներկայությունից 2017-ին ռուսական ազդեցության ու դիրքերի մեծացման փաստը արևմտյան կառույցների և պաշտոնյաների կողմի բազմիցս շեշտվեց: Ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության շարունակվող էսկալացիան ստիպում է ՆԱՏՕ-ի վերլուծաբաններին փնտրել Մոսկվային դիմակայելու նորանոր կետեր։ Ինչպես նշվել Հյուսիսատլանտյան դաշինքի Պաշտպանական քոլեջի զեկույցում, որը վերաբերվում է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությանը, տարածաշրջանում Մոսկվայի ռազմական դիրքավորման մոդելը կազմված է 2 բաղադրիչից. առաջին՝ դա այսպես կոչված «սահմանափակ հասանելիության» մեխանիզմների գործարկումն է, որոնք ներառում են ուժեղ և ինքնաբավ տեղային ՀՕՊ համակարգի ստեղծումը՝ ունակ զավթելու ՆԱՏՕ ինքնաթիռները, ինչպես նաև մարտավարական և օպերատիվ հրթիռները։ Զավթման այդ տեսակի միջոցներ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ Գյումրու բազայում, ինչպես նաև Էրեբունու ռազմաօդային բազայում։ Ռազմավարության հաջորդ բաղադրիչը հանդիսանում է հարձակման համալիրների տեղակայումը, որի հիմքը կազմում են «Իսկանդեր-Մ» տեսակի հթրիռները, ինչպես նաև հարվածային ավիացիոն համակարգերը։ Զեկույցում շրջանառվում է միտքը՝ Անդրկովկասը «վերաինտեգրելու» Ռուսաստանի ձգտման մասին, որի համար Մոսկվան գործի է դնում 3 «С»-երի (Confrontation, Cooperation, Confusion, «Առճակատում, Համագործակցություն, Շփոթմունք») սկզբունքը։ Այդ սկզբունքները կիրառվում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Բաքվի և Երևանի հանդեպ, ՆԱՏՕ-ի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը հատուկ է կիրառում հավասարակշռման համակարգը՝ վաճառելով սպառազինություն և ապահովելով քաղաքական «հովանավորչություն» տարածաշրջանային անվտանգության մի ողջ շարք բարդ հարցերով։ Հենց այդպիսի բարդ մանևրման մեջ է կայանում տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման Մոսկվայի մեծ ներուժը։ Հայաստանն այդ համատեքստում Արևմուտքին թվում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից կառուցվող քաղաքական և տնտեսական միությունների ամենաթույլ օղակներից մեկը։ Երևանի չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է հանրապետության ղեկավարությանը, Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից բացի, փորձել դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Իր հերթին, Մոսկվան էլ ԱՄՆ-ին կոչ էր անում միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայից, որտեղ հիմա տեղակայված է մինչև 200 ավիացիոն ռումբ: ՌԴ ԱԳՆ Զենքերի չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Ուլյանովի խոսքով. «Ռուսաստանն իր բոլոր միջուկային զենքերը դուրս է բերել ազգային տարածք: Կարծում ենք, որ նույնը վաղուց պետք է աներ նաև ամերիկյան կողմը»: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակում է Եվրոպայում պահել, ըստ գնահատականների, մինչև 200 ավիացիոն ռումբ»: «Ընդ որում՝ ծրագրում է դրանք այնպես արդիականանցնել, որ որպեսզի դրանք դառնան, ամերիկացի մի շարք պաշտոնաթող զինվորականների խոսքով՝ «ավելի պիտանի կիրառման համար» ճշգրտության բարձրացման կամ ավերիչ ուժի որոշակի նվազման հաշվին: Եթե միաժամանակ իրականում նկատի է առնվում Եվրոպայում տեղակայել լրացուցիչ քանակի միջուկային մարտագլխիկներ, ապա դա կարող է միայն խորացնել իրավիճակը»,- ասել է Ուլյանովը: ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները Եվրամիությունը դեկտեմբերին երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Ըստ էության ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կրկին երկարաձգվեցին 6 ամսով: «Դեկտեմբերի 21-ին ԵՄ Խորհուրդը մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է ռուսական տնտեսության առանձին հատվածների դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները», -ասվում էր ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս որոշումը կայացվեց, երբ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացրեցին Մինսկի համաձայնագրերի իրականացման շուրջ տիրող իրավիճակը՝ փաստելով, դրանք դեռևս չեն իրագործվել: Այդ իսկ պատճառով քաղաքական որոշում է կայացվել պատժամիջոցները երկարաձգելու մասին: ԱՄՆ-Ռուսաստան սրված հարաբերությունների ֆոնին՝ շատերն են այս տարի կարծիք հայտնել, թե միջուկային պատերազմի սպառնալիքի կա ու որ աշխարհն աղետի շեմին է: ԽՍՀՄ նախկին նախագահ Գորբաչովն օրինակ վերջերս հիշեցրել էր, որ 30 տարի առաջ ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են գործողության միջին և փոքր շառավղով հրթիռների վերացման մասին համաձայնագիր, ինչը եղել է առաջին քայլը գերտերությունների միջև «սառը պատերազմի» վերջի ուղղությամբ: «Պետք էր անել առաջին վճռորոշ քայլը, և մենք դա արեցինք 1987թ. դեկտեմբերին: Դրանից հետո սկիզբ դրվեց միջուկային զինաթափման գործընթացին»,-ասել է Գորբաչովը՝ նշելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարաձայնությունները հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք դրսևորել. «Կոչով դիմում եմ երկու նախագահներին՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելու գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկը հսկայական է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, այն աշխարհի համար կարող է աղետով վերջանալ: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի վերահսկումը»: Գորբաչովի խոսքով՝ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել: Չինաստանն ու Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներ Այնուամենայնիվ, դեկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որում ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցներն են հիշատակվել Չինաստանը և Ռուսաստանը: Ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղերձի հիմնական թեզը Թրամփի նախընտրական քարոզարշավի հայտնի կարգախոսն էր՝ «America First» («Նախևառաջ Ամերիկան»): Ո՞վ կամ ովքե՞ր են խանգարում ԱՄՆ-ին նորից դառնալ մեծ տերություն: Նախագահի համոզմամբ, վտանգը բխում է երեք կենտրոններից՝ առաջինը ռևիզիոնիստական երկրներն են, մասնավորապես, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին և արժեքներին հակասող աշխարհակարգ: Երկրորդը վտարանդի ռեժիմներն են, որոնք սպառնում են հարևաններին, ապակայունացնում են ամբողջ տարածաշրջաններ, ստեղծում են զանգվածային բնաջնջման զինատեսակներ: Այս խմբին են ամերիկացիները դասում Հյուսիսային Կորեան և Իրանը: Եվ երրորդ խմբում են վերազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք կարող են մահաբեր գործողություններ իրականացնել մոլորակի տարբեր մայրցամաքներում, փորձում են ստեղծել զանգվածային ոչնչացման զենքեր: Այնուամենայնիվ, Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում նշվեցին ազգային անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ չորս նպատակները՝ երկրի և ամերիկյան կենսակերպի պաշտպանությունը, Միացյալ Նահանգների տնտեսական բարգավաճումը, ուժի միջոցով խաղաղության պահպանումը և միջազգային ասպարեզում ամերիկյան ազդեցության ամրապնդումը: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի փոխանցմամբ, անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ը նահանջել է մրցակցություն ենթադրող շատ բնագավառներում, և այդ բացը լրացրել են Ռուսաստանն ու Չինաստանը, «որոնք խարխլում են աշխարհակարգը և կայունությունը, անտեսում են հարևանների ինքնիշխանությունը և օրենքի գերակայությունը»: Ըստ Թրամփի հրապարակած զեկույցի, Չինաստանն ու Ռուսաստանը մարտահրավեր են նետում Միացյալ Նահանգների հզորությանը, ազդեցությանն ու շահերին, փորձում են վնաս հասցնել ամերիկյան անվտանգությանն ու բարգավաճմանը: Այդ երկու երկրները հետզհետե իրենց տնտեսությունները դարձնում են անազատ և անարդար, ավելացնում են ռազմական բյուջեները, հսկողության տակ են պահում տեղեկության և տվյալների տարածումը, սահմանափակում են իրենց հասարակության իրավունքները՝ նպատակ ունենալով նման գործելակերպով ամրապնդել իրենց ազդեցությունն աշխարհում: Ակնհայտ է մյուս կողմից, որ մատնացույց անելով երկու մրցակիցներին՝ Սպիտակ տունը նկատել է տալիս, որ Պեկինի և Մոսկվայի քաղաքական դիրքորոշումներն իրապես մտահոգություն են պատճառում, թեպետ ինքը Թրամփը ջանքեր է գործադրում Սի Ծինպինի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am