Իսրայելի անակնկալ ռևերանսը Հայաստանի ուղղությամբ

Հայաստան-Իսրայել, մեղմ ասած՝ ոչ բարեկամական հարաբերություններն այն ոլորտն են, որոնց, վստահաբար, արժե, առանձին անդրադառնալ, մանավանդ, 2017-ի առումով: Այս տարին այդ հարաբերությունների առումով, եթե ոչ բեկումնային, ապա չափազանց կարևոր պետք է համարել: Հուլիսին Երևան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Նա Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել: Ցախի Հանեգբին ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ. Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր: 2006-2010 թթ․ զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանեգբին Երևանում մասնավորապես, նշեց․ «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջև արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու և մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, և ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»: Հանեգբիին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանդիպման ժամանակ իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և դա իր այցելության հիմնական ուղերձն է»։ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ու Ցախի Հանեգբիի հանդիպմանը քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությանը: «Կիբերանվտանգության համատեքստում նախարարներն անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին»,- նշված է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում: «Ազատության» հետ զրույցում Ցախի Հանեգբին այս առնչությամբ նշեց․ «Իմ այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է: Երեկ ստորագրեցինք մի շարք բնագավառների վերաբերող համաձայնագրեր: Հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, արտգործնախարարի հետ: Այսօր հանդիպումներ են նախատեսված Հայաստանի վարչապետի, կառավարության այլ անդամների հետ» Նալբանդյանն ու Հանեգբին ստորագրեցին Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ Հանեգբին ստորագրել է Հայաստանի ու Իսրայելի՝ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի ու երիտասարդության ոլորտներում 2017-2020 թթ. համագործակցության մասին ծրագիրը։ Իսկ ամենակարևոր հարցին՝ արդյո՞ք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր՝ Ցախի Հանեգբին արձագանքել էր․ «Ես Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն եմ: Ուստի՝ իմ գործունեության հիմնական ուղղությունը չի առնչվում ռազմական ու անվտանգության ոլորտներին, ինչպես եղել է նախկինում: Հայաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ նշեմ, որ այն վերաբերում է զբոսաշրջությանը, առևտրին: Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտուրը, համագործակցությունը ներառում է նաև գյուղատնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաև տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնցում ես ներգրավված եմ»: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,1%-ը: Իսրայելցի պաշտոնյային բնականաբար Երևանում հիշեցրել էին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Այս առնչությամբ նա նշել էր․ «Ցանկանում եմ զերծ մնալ զգայուն հարցերին անդրադառնալուց: Իմ հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև»: Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակային էլ հնչել է՝ իրենք պատրաստ են բոլորին զենք վաճառել, այդ թվում՝ նաև Հայաստանին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։ Խոսելով Իսրայել-Հայաստան ռազմական համագործակցությունից՝ փոխարտգործնախարարն ասել էր, որ Հայաստանը այս ոլորտում ունի իր ձևաչափը՝ դա ՀԱՊԿ-ն է և որոշ ծրագրերի շրջանակներում նաև ՆԱՏՕ-ն։ Հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է զենք գնել Իսրայելից, Քոչարյանը պատասխանեց. - «Դա արդեն ինձ չի ուղղված»։ Արդյո՞ք այս հարցում կարող է Հայաստան-Իսրայել համագործակցություն կայանալ, թերևս, այս հարցը այն բացն է, որը հետագայում կարող է լրացվել: Ինչևէ, Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի երևանյան այցից 4 ամիս անց, նոյեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կատարեց Իսրայել, որտեղ էլ հանդիպեց Իսրայելի վարչապետի հետ: Իսկ հանդիպման մասին հաղորդագրությունում ներկայացված շեշտադրումները բավական տպավորիչ էին: Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, վստահեցրեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Այս հանդիպմանը քննարկվել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության տարածած մամլո հաղորդագրությանը, ապա այստեղ նշվում է, որ Նեթանյահուն անդրադարձել է նաև «Իրանական խնդրին»: Նա բարձրացրել էր Իրանի կողմից տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման փորձերն ու դրանց բացասական հետևանքներ ունենալու հարցը: Իսրայելի վարչապետը նաև գրառում էր կատարել Թվիթերի իր էջում. «Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կխրախուսենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերտարածքների ու գյուղատնտեսության ոլորտներում»: Հիշեցնենք, որ հայ-իսրայելական շփումները կայացան ուշագրավ մի միջադեպի ֆոնին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացել էր օգոստոսի 13-ին մեկ շաբաթվա ընթացքում հետաքննել հրեա օպերատորների Orbiter 1K անօդաչու թռչող սարքի հայկական դիրքերի վրա փորձարկման վերաբերյալ հաղորդագրությունը: Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Իսրայելի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկրի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններից մեկի` անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ: Մի քանի ամիս առաջ այս ընկերությունը հայտնվել էր աղմկալի սկանդալի կիզակետում: Օգոստոսին իսրայելական Haaretz պարբերականը հաղորդել էր, որ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Իսրայելական մեկ այլ պարբերական էլ` Maariv-ը, գրում էր, որ Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ թվով երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defense Systems-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով ևս գտնվում էր Ադրբեջանում, ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է», - օգոստոսին գրել էր Maariv-ը: Ահա, այդ հրապարակումներից շուրջ երեք ամիս և Հայաստանի արտգործնախարարի` Իսրայել կատարած այցից ընդամենը մեկ շաբաթ անց, երկրի ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ պնդելով․ - «Հետաքննվում են Aeronautics Defense Systems ընկերության` խոշոր պատվիրատուներից մեկի հետ կնքված գործարքի հանգամանքները»: Թեև Իսրայելի ոստիկանությունը չի հստակեցնում այդ «խոշոր պատվիրատուի» անունը, բայց և այնպես, տեղական լրատվամիջոցների մեծ մասը վստահ է, որ խոսքը Ադրբեջանի մասին է: «Aeronautics Defense Systems-ի գործը այժմ գտնվում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության վարչության վարույթում: Հետաքննության մասին առաջին տեղեկությունները սկսեցին շրջանառվել երկուշաբթի օրը: Դատարանի հատուկ վճռով, սակայն, նախաքննության նյութերի հրապարակայնացումը առժամանակ սահմանափակվել է», - գրում է Times of Israel-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հետաքննությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին` հայկական դիրքերի վրա իրականացված հարձակման մասին առաջին տեղեկությունների ի հայտ գալուց մի քանի շաբաթ անց: Haaretz-ի տեղեկություններով` հետաքննության ընթացքում ոստիկանները կուսումնասիրեն նաև Իսրայելի պաշտպանության նախարարության գործողությունները: Թերթը նաև հիշեցրել էր, որ Իսրայելի ռազմական գերատեսչությունը դեռ օգոստոսի վերջին էր հետ կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը: Թերթի տեղեկություններով, Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները հերքում են հայկական դիրքերի դեմ իրականացված հարձակման մեղադրանքները` պնդելով, թե «ընկերությունն իր արտադրանքը երբեք կենդանի թիրախների վրա չի ցուցադրում»: Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները, սակայն, նշել են, թե պատրաստ են համակողմանիորեն գործակցել նախաքննական մարմինների հետ` «անելով հնարավորը, որպեսզի հետաքննությունն արագորեն ավարտին մոտենա»: Թամար Բագրատունի

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am