Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ:
Թեհրանը անցնում է նոր՝ առավել կոշտ մարտավարության։ Հայտարարվում է, որ տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը կարող է ներառվել պատասխան գործողությունների շրջանակում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը․
֊ Chevron` Իրաքում իրականացվող լայնածավալ արդյունահանման և ներդրումային ծրագրերով,
֊ ExxonMobil` Պարսից ծոցի մի շարք խոշոր նախագծերում բաժնեմասնակցությամբ,
֊ KBR և SLB` Քուվեյթում կրիտիկական ենթակառուցվածքների սպասարկմամբ,
֊ Jafurah գազային հսկայական հանքավայրը, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական առաջնահերթություններից է և որի նկատմամբ հարվածը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծանր հետևանքներ։
Սպառնալիքների իրագործումը կնշանակի ամերիկյան կորպորատիվ հատվածի համար բազմամիլիարդ կորուստներ։ Սակայն ավելի խորքային է ռազմավարական հարթությունը․ կխաթարվի ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի իմիջը։ Բացի այդ, հնարավոր վնասներ կրած արաբական պետությունները, ըստ ռազմավարական սցենարի, ստիպված կլինեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա` պահանջելով դադարեցնել կոնֆլիկտը։
Այս համատեքստում ամերիկյան բիզնեսի նկատմամբ ուղղված սպառնալիքը Իրանի համար վերածվում է ոչ միայն պատժիչ մեխանիզմի, այլև զսպման գործիքի՝ ուղղված ուժային հավասարակշռության վերաձևավորմանը տարածաշրջանում»։
