Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տարածաշրջանն արագորեն սահում է լայնածավալ պատերազմի եզրագիծ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները և էսկալացիայի բարձր հավանականությունը կանխատեսելի էին՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունից հետո, երբ նա անբավարար գնահատեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող անուղղակի բանակցությունների արդյունքները։ Այդ հայտարարությունը, ըստ էության, վերջնական ազդարարեց դիվանագիտական գործընթացի փակուղին և ուժային սցենարների վերադարձը օրակարգի առաջին պլան։
Հայաստանի համար նման զարգացումներն ունեն գոյաբանական նշանակություն։ Տարածաշրջանային մեծ պատերազմը անմիջական ու երկարաժամկետ ազդեցություն է գործելու մեր երկրի անվտանգային միջավայրի, հաղորդակցության ուղիների, էներգետիկ կայունության, միգրացիոն հոսքերի և ընդհանուր ռազմավարական հավասարակշռության վրա։
Այս պայմաններում պետության բարձրագույն ղեկավարությունից պահանջվում է առավելագույն քաղաքական կենտրոնացում, սառը հաշվարկ և ճգնաժամային կառավարման խիստ ռեժիմ։
Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է գործել ներքաղաքական քարոզարշավի տրամաբանությամբ՝ արտաքին գոյաբանական սպառնալիքների ֆոնին ցուցաբերելով անփույթ և թեթևամիտ վարքագիծ։ Երբ տարածաշրջանը բառացիորեն այրվում է, իշխանության արձագանքը հստակ փոխանցում է պետական անլրջության և իրավիճակի թերագնահատման ազդակ՝ և՛ սեփական հասարակությանը, և՛ արտաքին դերակատարներին։
Այս պայմաններում խնդիրը սահմանակից պատերազմով չի սահմանափակվում։ Ավելի խորն ու վտանգավոր է այն հանգամանքը, որ իշխանության քաղաքական թեթևսոլիկությունն ինքնին վերածվում է ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի։
Երբ պետությունը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սակայն ղեկավարությունը չի անցնում արտակարգ պատասխանատվության և պետական լրջության ռեժիմի, արտաքին վտանգները բազմապատկվում են ներքին անգործությամբ։
Հենց սա է այսօր Հայաստանի գլխավոր ռիսկը՝ պատերազմին դիմակայել ոչ թե պետական մտածողությամբ և ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, այլ «զառ գլորելու» տրամաբանությամբ»,- գրել է նա։
